1769 դիտում
22:38 26-05-2016
Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելեց Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ
Մայիսի 23-25 Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելեց Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ:
Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպեց նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշեց, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք ընդգծվեցին այդ ոլորտներում առկա մեծ ներուժը և դրա լիարժեք կիրառման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս:
Այնուհետև տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվեցին համագործակցության հստակ ծրագրեր: Դեսպանը ներկայացրեց հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշեց համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:
Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկ համալսարանների ղեկավարության հետ հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվեցին Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները:
Քուրդիստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը:
Նույն օրը՝ երեկոյան, դեսպանը հանդիպեց Առևտրաարդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում Դեսպանը եղավ նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում:
Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելեց Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելեց Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
11:50 03-07-2014
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
2170 դիտում
20:52 02-03-2016
Իրաքում ՀՀ դեսպան Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի