211652_close_icon
views-count10929 դիտում article-date 23:52 29-05-2016

60 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ նամակների արկղերում (Սեմ Բաս)

Սեմ Բասը որբացավ 10 տարեկան հասակում: Հետագա հինգ տարիներին նա և նրա եղբայրները ապրում էին Ինդիանայում, քեռու մոտ, որը նրանց հետ շատ կոպիտ էր վարվում: 1869թ. 18 տարեկան Սեմ Բասը փախչում է տնից և մեկ տարի անցկացնում Միսիսիպիում: 1871-ին տեղափոխվում է Դենտոն (Տեխաս) և աշխատանքի անցնում անասնապահական ֆերմայում, որը պատկանում էր շերիֆ Քվերհարթին: Իր աշխատավարձով Սեմը մի ձի է ձեռք բերում: Մի օր շերիֆ Էվերհարթը, նկատելով, թե ինչպես է Սեմը ձիուն նստած հպարտ շրջում Դենտոնում, նկատողություն է անում տղային. «Ինչո՞ւ աշխատանքի վայրում չես: Վաճառիր այդ ձին և զբաղվիր աշխատանքով»: Հաջորդ օրը Սեմը հեռանում է քաղաքից: Դա ճակատագրական նշանակություն է ունենում նրա համար: 1874թ-ին Սեմն ընկերանում Ջոել Քոլինսի հետ, զբաղվում անասնապահությամբ: Մի անգամ Ջոելն ու Սեմը ապառիկով մեծ նախիր են գնում, այնուհետև վաճառում, սակայն չեն վերադարձնում պարտքը: Այդ բանից հետո Ջոել Քոլինսն ու Սեմ Բասը սկսում են գողությամբ ու ավազակությանբ զբաղվել և ընկերանում այլ ավազակների հետ: [img]/ups/images/0080322001464420896615254.jpg[/img] [i]Սեմ Բաս և Ջոել Քոլինս[/i] 1877-ի սեպտեմբերի 18-ին Ջոել Քոլինսը, Սեմ Բասը, Ջեք Դեվիսը, Ջիմ Բերին, Բիլ Հեֆրիջը և Թոմ Նիքսոնը որոշում են գնացք թալանել: Տեխասի Բիգ Սպրինգս քաղաքում 6 տղամարդիկ բարձրանում են գնացք: Նեբրասկա նահանգի Օգալալա քաղաք չհասած, նրանք դիմակավորվում են, մտնում փոստային վագոն և փոստատարին հրամայում բացել պահարանը, որի մեջ թղթադրամներ են պահվում: Փոստատարն ասում է, որ պահարանի բանալին իր մոտ չէ: Ավազակները ծեծում են նրան և սպառնում սպանել՝ եթե չբացի պահարանի կողպեքը: Սեմ Բասը հավատում է փոստատարին և կարգադրում դադարեցնել ծեծը: Երբ ավազակները պատրաստվում են հեռանալ, նրանցից մեկը ոտքով բարկացած հարվածում է անկյունում դրված նամակների արկղերից մեկին: Այդ հարվածից արկղի կափարիչը բացվում է և դուրս են թափվում ոսկու ձուլակտորներ: Ավազակներն ապշում են: Բացում են նաև մյուս արկղերը և հայտնաբերում ընդհանուր հաշվով 60.000 դոլարի ոսկու ձուլակտորներ: Վերցնելով ավարը, ավազակները փախուստի են դիմում: Այն ժամանակների դրությամբ դա ամենամեծ չափի կողոպուտն էր աշխարհում: [img]/ups/images/0826265001464420907117083.jpg[/img] Խնամքով թաքցնելով ոսկին ավազակները մտնում են Օգալալա: Գնացքի կողոպտիչների նկատմամբ հայտարարվում է որս և մեծ պարգև: Մի քանի օր թաքնվելուց հետո ավազակները դուրս են գալիս քաղաք, մտնում հագուստի խանութ՝ նոր շորեր գնելու: Խանութի տերը, որի անունն էր Մուր, հետաքրքրվում է անծանոթների ինքնությամբ: Ավազակները ներկայանում են, թե քաղաք են եկել գնացքի կողոպտիչներին բռնելու և խոստացված պարգևը ստանալու հետաքրքրությամբ: Անծանոթները կասկածելի են թվում խանութպան Մուրին, որը նախկինում երկաթուղային էր աշխատել: Եվ Մուրը որոշում է հետևել անծանոթներին: Չորս օր շարունակ Մուրը հետևում է ենթադրյալ ավազակներին: Չորրորդ օրը ուշ երեկոյան ավազակները հավաքվում են քաղաքից դուրս մի բացատում, կրակ վառում, խմում և ուրախանում: Մուրը թփերի արանքից հետևում է նրանց: Հանկարծ տեսնում է, թե ինչպես են ավազակները բացում ոսկով լցված պայուսակներն ու պարկերը և միմյանց միջև բաժանում 60.000 դոլարի ոսկե 60 ձուլակտորները, յուրաքանչյուրին բաժին հանելով 10 ձուլակտոր: Նրանք պայմանավորվում են բաժանվել և մեկնել տարբեր քաղաքներ՝ Ջոել Քոլինսն ու Բիլ Հեֆրիջը որոշում են գնալ Սան Անտոնիո (Տեխաս), Սեմ Բասն ու Ջեկ Դևիսը՝ Դենտոն, իսկ Ջիմ Բերին և Թոմ Նիքսոնը՝ Մեքսիկա: Մուրը լսելով այս ամենը, սողեսող հեռանում է, հեծնում է ձին, գալիս քաղաք, տեղեկացնում երկաթուղային պաշտոնյաներին իր տեսածն ու լսածը: Մուրի նկարագրած տվյալներով մարդկանց նկատմամբ հետախուզում է հայտարարվում: [img]/ups/images/0318835001464420923139482.jpg[/img] Ջոել Քոլինսին և Բիլ Հեֆրիջին հայտանաբերում են Կանզասի կայարանում: Նրանց մոտենում են զինվորական համազգեստով մարդիկ: Նրանցից ավագը հայտարարում է, որ Քոլինսն ու Հեֆրիջը կասկածվում են գնացքի կողոպուտի մեջ, պետք է հետևեն իրենց, որպեսզի պարզեն ինքնությունը: Քոլինսը ծիծաղում է և ասում, որ իրենք անասնապահներ են, տուն են վերադառնում: Երբ սպան կրկնում է կարգադրությունը, Քոլինսն ու Հեֆրիջը դուրս են քաշում ատրճանակները, սակայն տեղում գնդակահարվում են զինվորների արձակած գնդակներից: Նրանց իրերի մեջ հայտնաբերվում են 20 ոսկու ձուլակտոր՝ 20.000 դոլար ընդհանուր արժողությամբ: Ջիմ Բերին հասնում է Մեքսիկա և ոսկին ավանդ է դնում բանկում: Այդ մասին զեկուցում են տեղի շերիֆին: Շերիֆը գալով բանկ հայտնաբերում է այնտեղ ոսկու 10 ձուլակտոր: Այդ գիշեր Շերիֆը և մի խումբ ոստիկաններ շրջափակում են Բերիի տունը: Սակայն կասկածյալին այնտեղ չեն գտնում: Որոնումները շարունակվում են մոտակա անտառում: Առավոտյան հետապնդողները լսում են ձիու վրնջոց: Մոտենալով տեսնում են Ջիմ Բերիին ծղոտե ներքնակի վրա պառկած: Տեսնելով ոստիկաններին Ջիմ Բերին նետվում է փախուստի, սակայն հետապնդողները կրակ են բացում և վիրավորում նրան ծնկից: Ջիմ Բերիին տանում են տուն և բժշկական օգնություն տրամադրում, սակայն ավազակը մի քանի օր անց ստացած վերքից մահանում է: Թոմ Նիքսոնը գալիս է Ջիմ Բերիի հետ պայմանավորված վայրը, սակայն այնտեղ նրան արդեն դարանակալած սպասում էին ոստիկանները: Նիքսոնին տեղում ձերբակալում են և նրա մոտից առգրավում ոսկու 10 ձուլակտոր՝ 10.000 դոլար արժողությամբ: Սեմ Բասն ու Ջեկ Դեվիսը ուղևորվում են Նեբրասկա: Ճանապարհին վաճառում են ձիերը և սայլ գնում՝ զույգ աշխատանքային ձիերով: Նրանք ոսկին պահում են սայլի մեջ, ներքնակների տակ և այդպես շարժվում դեպի Դենտոն: Ճանապարհին անցնում են զինվորականների ճամբարի մոտով: Սեմ Բասը մոտենում է զինվորներին և զրուցում նրանց հետ: Վերջիններս ասում են, թե Կանզասում ավազակների են սպանել, որոնք Օգալալայում կողոպտել էին գնացքը: Տեղեկանալով, որ ընկերներից երեքը՝ Քոլինսը, Հեֆրիջը և Բերին սպանված են, Ջեկ Դեվիսն առաջարկում է չգնալ Դենտոն, այլ Նյու Օռլեան կամ Հարավային Ամերիկա: Սակայն Սեմ Բասը հրաժարվում է: Ջեկ Դևիսը միայնակ ճանապարհ է ընկնում Նյու Օռլեան, իսկ Սեմ Բասը գալիս է Դենտոն: [img]/ups/images/027627500146442093842782.jpg[/img] [i]Ձախից աջ՝ Ջիմ Մերֆի, Սեմ Բաս, Սիբորն Բարնս[/i] Դենտոնում Բասին ճանաչում էին, որպես խելացի և աշխատասեր տղայի: Այդ պատճառով նրան սկզբում չեն կասկածում: Դենտոնում Բասը գողացված ոսկու մեծ մասը բաժանում է աղքատներին և կարիքավորներին: Այնուհետև որոշում է շարունակել ավազակությունը: Նրա շուրջ հավաքվում են մի քանի համարձակ տղամարդիկ՝ Հենրի Ունդերվուդը, Արկանզաս Ջոնսոնը, Ջիմ Մըրֆին, Ֆրենկ Ջեկսոնը, Թոմաս Սպատվուդը, Ալբերտ Հերնդոնը, Սիբորն Բարնսը, Սեմ Փայփսը և Ուիլյամ Քոլինսը (Ջոել Քոլինսի զարմիկը): Այդպես կազմավորվում է ավազակախումբ և Սեմ Բասն ընտրվում է առաջնորդ: Սեմ Բասի ավազակախումբը սկսում է թալանել փոստակառքեր, բանկեր և գնացքներ: Իշխանությունները սկսում են պայքարը Սեմ Բասի ավազակախմբի դեմ: ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Բ. Ջոնսը Սեմ Բասի ավազակախմբին ոչնչացնելու է ուղարկում նորակոչիկների, որոնց հետ Բասը վարվում է ինչպես խաղալիքների: Առաջին իսկ բախման ժամանակ Սեմ Բասը զինաթափում է նորակոչիկներին և հետ ուղարկում: Դրանից հետո իշխանությունները Բասի ավազակախմբի դեմ են ուղարկում 30 ռենջերների և 100 զինվորների: Սեմը հմտորեն խուսափում է հետապնդումներից: Նա մեկ հայտնվում է արևմուտքում, մեկ հյուսիսում, մեկ երևում է Դենտոնում, մեկ Թերանտ շրջանում, հաճախ այցելում Ֆորտ-Ուերտ և Դալաս: [img]/ups/images/0091039001464420951537120.jpg[/img] [i]Տեխասցի ռենջերներ[/i] Վերջապես մի անգամ տեխասցի ռենջերների հետ կռվի ժամանակ զոհվում է Արկանզաս Ջոնսոնը: Այդ կռվից հետո Հերնդոնը և Մըրֆին ձերբակալվում են, իսկ մյուս ընկերները փախչում: Որոշ ժամանակ անց ավազակախումբը կրկին միավորվում է: Նրանց է միանում նաև Ջիմ Մըրֆին, որին իշխանությունները ազատ էին արձակել Սեմ Բասին մատնելու պայմանով: Ավազակախմբի ընկերները կասկածում են, որ Մըրֆին դավաճանել է, և առաջարկում են սպանել, սակայն Բասը թույլ է տալիս Մըրֆիին մնալ իրենց հետ: [img]/ups/images/0606295001464420968184926.jpg[/img] [i]Ջիմ Մըրֆի և ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Բ. Ջոնս[/i] Բասն ու նրա ավազակախումը պատրաստվում են հերթական գործողությանը: Ջիմ Մըրֆին նամակ է գրում գեներալ Ջոնսին և հայտնում, որ հուլիսի 19-ին Բասը ծրագրում է կողոպտել Ռաունդ-Ռոք քաղաքի բանկը: Գեներալ Ջոնսը մեծ ուժեր է ուղարկում Ռաունդ-Ռոք: Ոստիկաններն ու ռենջերները դիրքավորվում են քաղաքում և փակում քաղաքից դուրս եկող ճանապարհը: 1878թ. հուլիս 19-ին Բասն ու նրա ավազակախումը, ոչինչ չկասկածելով, դուրս են գալիս հետազոտելու տեղանքը: Ավազակներից երկուսը փորձում են մտնել խանութ՝ ծխախոտ գնելու: Մայթին կանգնած սպասում է Սեմ Բասը: Նրան է մոտենում շերիֆի օգնական Գրեյմսը. - [b]Սըր, կարծում եմ Ձեզ մոտ ատրճանակ կա[/b],-հարցնում է Գրեյմսը, կասկածանքով նայելով Բասին: - [b]Այո, իհարկե, ինձ մոտ ատրճանակ կա[/b],- հանգիստ պատասխանում է Բասը, դուրս է քաշում այն ու տեղում գնդակահարում շերիֆի օգնական Գրեյմսին: Կրակոցի ձայնը լսելով, տարբեր անկյուններից դուրս են ցատկում զինվորներն ու ռենջերները: Սկսվում է փոխհրաձգություն: Ավազակները փորձում են փախչել անտառ: Ռենջերները և զինվորները նետվում են նրանց հետևից: Փախուստի ժամանակ ռենջեր Ջորջ Հերոլդը վիրավորում է Սեմ Բասին թևից, այնուհետև սերժանտ Ռիչարդ Վերի գնդակը մխրճվում է Սեմ Բասի թիկունքը, սակայն Բասը շարունակում է փախչել: Հաջորդ առավոտյան Սեմ Բասին հայտանաբերում են երկաթուղային բանվորները մի մեծ կաղնու տակ անօգնական ընկած: Սեմ Բասին ձերբակալում են, տեղափոխում քաղաք և ցուցաբերում բժշկական օգնություն: Գեներալ Ջոնսն այցելում է Բասին և ասում. - [b]Սեմ, Դուք շատ չարագործություններ եք արել: Այժմ Ձեր վիճակը շատ ծանր է: Դուք հնարավոր է մահանաք: Սակայն մահվանից առաջ Դուք հնարավորություն ունեք օգնելու իշխանություններին: Ասացեք խնդրեմ Ձեր հանցակիցների անունները, որոնք խախտել են Ձեր երկրի օրենքները:[/b] - [b]Կուզենայի օգնել Ձեզ, սըր, բայց չեմ կարող դավաճանել ընկերներիս: Այնպես որ, ստիպված եմ մերժել Ձեր խնդրանքը[/b],- պատասխանում է Սեմ Բասը: Չնայած լավագույն բժշկական օգնությանը, Սեմ Բասը մահանում է մեկ օր անց, հուլիսի 21-ին, իր ծննդյան 27-ամյակի օրը: Մատնիչ Ջիմ Մըրֆին, մեկ օր անց, զղջալով իր դավաճանության համար, թույն է խմում և մահանում: [img]/ups/images/0113759001464420998723931.jpg[/img] [i]Սեմ Բասի նորոգված տապանաքարը, ատրճանակը և նրան մասին գրված առաջին գիրքը[/i] Սեմ Բասը թաղված է Ռաունդ-Ռոք քաղաքի գերեզմանոցում: Նրա տապանաքարը ներկայում փոխարինվել է նորով: Հինը տասնամյակների ընթացքում ջանադրաբար մասնատել և որպես մասունք վաճառել են կոլեկցիոներներին: Այն ինչ է մնացել է նախնական գերեզմանաքարից ներկայում պահվում է Ռաունդ-Ռոքի հանրային գրադարանում: [img]/ups/images/0936273001464421009984606.jpg[/img] Սեմ Բասի կերպարը մահից հետո ռոմանտիզացվել է: Նրա մասին լեգենդներ են հյուսվել, գրվել բալլադներ, գրքեր և հոդվածներ, նկարահանվել հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, բեմադրվել ներկայացումներ: Նրա անունով անվանակոչվել է Ռաունդ-Ռոք տանող մայրուղին: [img]/ups/images/0279801001464422849565045.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր