211652_close_icon
views-count1364 դիտում article-date 14:11 31-05-2016

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխող է.

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխող է, սակայն կա նաև դրական միտում` 40-50 տարեկան տղամարդկանց մոտ՝ ծխախոտը թողնելու հարցում: Այս մասին այսօր` մայիսի 31-ին ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը` նշելով, որ սա կապված է վերը նշված տարիքային խմբի առողջական խնդիրների հետ: «Կանանց մոտ Երևանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը 7-3 տոկոս է կազմում, մարզերում՝ շուրջ 3 %»,-ներկայացրեց Ալեքսանդր Բազարչանը: Առողջապահական առումով ցուցանիշները խոսուն են, այսպես՝ թոքի քաղցկեղ ունեցողների 80 տոկոսը ծխողներ են: Հականիկոտինային պայքարի ջատագովները խիստ կարևոր են համարում ծխախոտի տուփերի փաթեթավորումն ու դիզայնը, որպեսզի զգուշացումները, որ «ծխելը վնասակար առողջության համար», կամ «ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ» առավել ակնառու լինեն ու մեծ: Հիշեցնենք, որ 1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր: Ըստ ԱՀԿ տվյալների՝ ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:

Նմանատիպ նյութեր