211652_close_icon
views-count862 դիտում article-date 13:25 31-05-2022

Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց՝ 51.5 տոկոսը, կանանց` 1.8 տոկոսը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21 տոկոսը և աղջիկների 3 տոկոսը:

Հայաստանում  ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները  վնասակար են առողջության համար,  չկա դրանց անվնաս չափաբաժին:

2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման  հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:

Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Նմանատիպ նյութեր