3828 դիտում
16:24 03-06-2016
Մաշտոցի 15 հասցեում բացվեց անվանի մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մաշտոցի 15 հասցեում այսօր բացվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի գլխավոր մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:Միջոցառմանը ներկա էին առողջապահության ոլորտի պատասանատուներ, անվանի բժշկի հարազատներն ու գործընկերները:
Ռոզա Մկրտչյանի երեխաները` Թամարա և Ալեքսանդր Մանուկյանները նույնպես որպես մասնագիտություն ընտրել են բժշկությունը: Թամարա Մանուկյանը քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ Ալեքսանդր Մանուկյանը` մանկական վիրաբույժ:
«Տանն անչափ բարի, մեղմ անձանվորություն էր: Լիովին նվիրված էր իր աշխատանքին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց մանկաբույժի դուստրը` Թամարա Մանուկյանը, ով «Արաբկիր» բժշկական համալիրում ղեկավարում է թույլ լսող երեխաների վերականգնողական ծառայությունը:
«Ռոզա Մկրտչյանը շուրջ 30 տարի զբաղեցրել է Երևանի գլխավոր մանկաբույժի պաշտոնը: Շատ բարձր մակարդակի մասնագետ էր: Ազնվություն և պարկեշտություն բոլորս պետք է իրենից սովորեինք: Այսօր այդպիսի մարդիկ քիչ կան»,- ասաց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Մինասյանը:
Կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ նախաձեռնության հիմքում ընկած է այն գաղափարը, որ երիտասարդ մասնագետներին դաստիարակելիս պետք է կարողանանք մեր ուսուցիչների կատարածը և փորձը փոխանցել սերունդներին:
«Բնավորությամբ շատ բարի էր, բայց և խստապահանջ: Մանկաբուժության մասին խոսելիս չէինք կարող պատկերացնել, որ որևէ դժվարության կարող էին հանդիպել, քանի որ նա օգնելու պատրաստակամությամբ միշտ մեր կողքին էր»,- իր տպավորությունները ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարը:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի կյանքում ևս Ռոզա Մկրտչյանը որոշիչ դեր է ունեցել:
«Ես նրան իմ առաջին ուսուցիչն եմ համարում, առողջապահության կազմակերպիչ, մարդ, որի նմանին այլևս չեմ հանդիպել կյանքում»,- ընդգծեց Լիդա Մուրադյանը` բնորոշելով ավագ գործընկերոջը որպես հոգատար մայր և հմուտ խորհրդատու:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանին Ռոզա Մկրտչյանի հետ ևս վառ հիշողություններ են կապում: Նա առիթ է ունեցել մանկության տարիներին բժշկվելու Ռոզա Մկրտչյանի մոտ: Լրագրողը իր երախտիքի ջերմ խոսքերը հղեց անվանի մանկաբույժին:
Նշենք, որ Ռոզա Հովհանեսի Մկրտչյանը ծնվել է 1923թ. Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1942 թ. տեղափոխվել է Երևան: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ, դպրոցական բժիշկ, իսկ 1956թ.՝ Երքաղխորհրդի գործկոմի առողջապահության բաժնի տեսուչ: 1958թ. մինչև 1990թ., մինչ կենսաթոշակի անցնելը, աշխատել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում: 1976թ. Ռոզա Մկրտչյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժիշկը մեծ հեղինակություն է վայելել Երքաղխորհրդի գործկոմում և առողջապահության համակարգում: Նրա անբասիր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի բուժկանխարգելիչ հաստատություններում ներդրվել են ախտորոշման, կանխարգելման և բուժման նորագույն մեթոդներ: Քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում 32 տարիների ընթացքում նրա կողմից մեծ աշխատանք է տարվել մանկաբուժական ծառայության մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ստեղծվել են մի շարք նոր մանկական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և մասնագիտացված կենտրոններ: 1965թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ռոզա Մկրտչյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 1961 և 1963 թվականներին պարքևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդի պատվոգրերով:
Ռոզա Մկրտչյանը մահացել է 1995թ. Երևանում: Ռոզա Մկրտչյանի բնակության հասցեում իր անունը կրող հուշատախտակը փակցնելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու կողմից: Հեղինակը` ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
12:46 22-05-2019
Տերյան 62 հասցեում կփակցվի ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան