211652_close_icon
views-count1675 դիտում article-date 23:43 10-06-2016

ՀՀ ԱԻՆ-ը և Համաշխարհային բանկը կհամագործակցեն ևս երկու նոր ուղղությամբ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի թիմի երկրատարածական տեխնոլոգիաների խորհրդատու Ջոշուա Սթյուարտ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (ԱՌԿԱԾ) շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցերն ու հետագա քայլերը: ԱՌԿԱԾ-ի տեղացի համակարգող Ա. Նազինյանը նշեց, որ բավական արդյունավետ աշխատանքներ են տարվել վերջին շաբաթվա ընթացքում, և արդեն պատրաստ են որոշակի հարցեր ու առաջարկություններ, որոնք անհրաժեշտ է համատեղ քննարկել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջոշուա Ս. Քեմբելը նշեց, որ կատարված աշխատանքների և հանդիպումների արդյունքում՝ երկրատարածական տեղեկատվության առավել արդյունավետ փոխանակման համար հանգել են երկու եզրակացության. - Հարկավոր է գործընթացը սկսել երկու ուղղություններով՝ տեղեկատվական բազայի ուղղությամբ տարվող աշխատանքային խմբի ձևավորում և ԱԻ նախարարության կարողությունների զարգացում: Ուղղությունները պետք է լինեն զուգահեռ և փոխկապակցված, իսկ հետո նոր կսկսենք քննարկել հետագա անելիքները: Ողջունելով ՀԲ թիմի առաջարկներն ու աշխատանքները՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը նշեց, որ կատարելագործված տեղեկատվական միասնական համակարգն անհրաժեշտություն է, սակայն նախևառաջ պետք է մշակել կոնկրետ առաջարկներ, բաժանել փուլերի նախատեսվող աշխատանքները և նոր սկսել բուն գործընթացը: - Համոզված եմ, որ մենք համատեղ արդյունավետ աշխատանք ենք կատարում մեր հանրապետության համար: Անհրաժեշտ է հավաքագրել ինֆորմացիան, բերել մեկ տեղ, ունենալ տեղեկատվական-վերլուծական շտեմարան և պարբերաբար թարմացնել: Դա, իհարկե, ահռելի աշխատանք է: Համոզված եմ, որ մեր գործընկեր գերատեսչությունները ևս հետաքրքրված են այս ծրագրով: Նախանշելով հետագա անելիքներն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը՝ կողմերը պայմանավորվեցին հաջորդ հանդիպմանը ներկայացնել արդեն հստակ և նպատակային առաջարկներ:

Նմանատիպ նյութեր