3292 դիտում
19:15 20-06-2016
Ամփոփվել են «Հնչում է Երևանը» խորագրով մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում «Հնչում է Երևանը» խորագրով անցկացված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը:
Փառատոնի արդյունքներով` լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ 2-րդ և 3-րդ տեղերում Սայաթ-Նովայի անվան և Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներն են: 4-10-րդ հորիզոնականներն զբաղեցրել են Ղազարոս Սարյանի անվան արվեստի, Արմեն Տիգրանյանի և Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցները, Ավետ Տերտերյանի անվան արվեստի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական և Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցները:
Լավագույնը ճանաչված տասը դպրոցներն ամփոփիչ գալահամերգում պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Առաջատար եռյակին պատվոգրերը, խորհրդանշական արձանիկ-մրցանակները դպրոցներին է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ քաղաքապետարանը, վերջին տարիներին որդեգրած ծրագրային քաղաքականությամբ, շարունակելու է երաժշտական ու արվեստի դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրությունը;
«Անկախության 25 տարիների ընթացքում հանրապետության ողջ տարածքում մենք ականատես եղանք մշակութային բազմաթիվ կենտրոնների փակման, սակայն մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցներից և ոչ մեկը այս տարիների ընթացքում չդադարեցրեց իր գործունեությունը և շարունակեց կրթել արվեստասեր սերունդ: Տաղանդավոր այս երեխաները մեր երկրի ապագան են, նրանցով է ապահովվելու մեր մշակութային լինելիությունն ու աշխարհում հայկական մշակույթի ընկալվածությունը: Մեր պարտքն է ուշադիր լինել, հղկել և խրախուսել մեր երեխաների մեծ հակումները: Փառատոները ոգևորիչ են, ստուգատեսները՝ կարևոր: Մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել, որ քաղաքապետարանի ենթակայութան դպրոցները մշտապես ունենան իրենց առանձնահատուկ դերը երևանյան մշակութային կյանքում»,-նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ արդեն նոր ուսումնական տարում դպրոցները կհամալրվեն երաժշտական նոր գործիքներով:
Մայիսի 11-23-ն անցկացված մրցույթը 10 անվանակարգով էր՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն: Լսումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր դպրոցների ավելի քան 1500 աշակերտ:
Մասնակիցներին գնահատել է հեղինակավոր երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրին: Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնակահար Հարություն Մելիքյանը:
Այս տարի առաջին անգամ փառատոնում տեղ է գտել նաև ոչ մրցութային «Մենակատարներ» անվանակարգը, որում լավագույնս ներկայացած ավելի քան 10 մասնակցիներ հնարավորություն կունենան հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելութ ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
13:33 12-06-2015
Ամփոփվել են Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 8-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները
2367 դիտում
12:31 20-06-2017
«Երևանյան ամառ 2017». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները
5791 դիտում
23:33 22-06-2018
«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»