211652_close_icon
views-count1952 դիտում article-date 19:30 20-06-2016

Արայիկ Հարությունյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին: Վարչապետը նախ հետաքրքրվել է հնձի կատարված աշխատանքով: Այդ կապակցությամբ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Նախարարի խոսքով, հունիսի 20-ի դրությամբ հանրապետության տարածքում կատարվել է 12 հազար հեկտար գարու հունձ՝ 23 ցենտներ միջին բերքատվությամբ, և 500 հա ցորենի հունձ՝ 33 ց միջին բերքատվությամբ: Ա. Մխոյանի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ, հացահատիկային բերքահավաքի հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան, սակայն նա մտահոգություն է հայտնել, որ գարու այս տարվա աննախադեպ բերքի ծավալները հնարավոր է իրացման խնդրի առաջ կանգնեցնի արտադրողներին: Ա. Հարությունյանը նշել է, որ կիսում է նախարարի մտահոգությունը, քանի որ հանրապետությունում արտադրվող գարու ծավալները ոչ միայն բավարարում են Արցախի և Հայաստանի ողջ ներքին պահանջարկը, այլև մեծ քանակի ավելցուկ է առաջանում: «Կարծում եմ՝ գարու մշակությամբ զբաղվող հողօգտագործողները պետք է տարեցտարի ավելի մեծ ուշադրություն դարձնեն ցորենի արտադրությանը: Քանի որ ցորենի պահանջարկը շատ ավելի մեծ է ՀՀ ներքին սպառման համար»,- ասել է վարչապետը: Հակահրդեհային աշխատանքների կազմակերպման վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Նրա խոսքով, հերթապահ բոլոր բրիգադները կազմակերպված կերպով կատարում են իրենց աշխատանքը: Հունիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության դաշտերում գրանցվել է 20 հրդեհ, որից միայն 2-ն է վնասել հացահատիկի արտերին՝ ոչնչացնելով 12 հա ցանքատարածք: Հրդեհի մյուս 18 դեպքերը գրանցվել են չոր խոտածածկ տարածքներում: Վարչապետը դրական է գնահատել հրշեջների կատարած աշխատանքը և մի շարք հանձնարարականներ տվել, որպեսզի հանրապետությունում առաջիկայում սպասվող չորային եղանակներին վերահսկողությունն ավելի ուժեղացնեն: Այնուհետև Ա. Հարությունյանը անդրադարձել է մթերման հարցերին՝ քննարկմանը մասնակից դարձնելով նաև հանրապետության մթերող մի շարք խոշոր ալրաղացների ներկայացուցիչների: Վարչապետը լսել է մթերող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքները սպասվող հացահատիկի գնային քաղաքականության մասին և նշել, որ կառավարությունն այդ հարցում փորձելու է իր գործիքակազմով հավասարակշռված մոտեցում ցուցաբերել և չվնասել ո՛չ արտադրողի, ո՛չ մթերողի և ո՛չ էլ սպառողի շահերը: Ա. Հարությունյանը ալրաղացների ներկայացուցիչներին հորդորել է նաև իջեցնել հանրապետությունում արտադրվող ալյուրի գները, որին դրական արձագանք է եղել: Վարչապետը նաև նշել է, որ բողոքներ են ստացվել ընդունման կետերում կշեռքների անճշտությունների հետ կապված և կոչ է արել լուրջ ուշադրություն դարձնել խնդրին՝ հակառակ դեպքում, նրա խոսքով, իրավախախտների համար անխուսափելի է լինելու օրենքի առաջ խիստ պատասխանատվությունը: Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» կողմից ցորենի ընդունման գնի և պայմանների մասին: Կառավարության ղեկավարի խոսքով, հիմնադրամի կողմից տեղում ոչ պարենային ցորենի ընդունման համար կսահմանվի 120 դրամ սակագին, իսկ Երևանի պահեստում՝ 130 դրամ: «Իրենց արտադրած ցորենը հիմնադրամին հանձնող քաղաքացիները հնարավորություն կունենան դրա դիմաց ոչ միայն ստանալ պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմեր, շուկայականից էժան գնով դիզվառելիք, մեքենատրակտորային կայաններից օգտվելու հնարավորություն, այլ նաև հիմնադրամի կողմից 10օրյա ժամկետում կատարվող հաշվանցման միջոցով մարել իրենց բանկային պարտավորությունները և անգամ ջրի ու էլեկտրաէներգիայի կուտակած պարտքերը»,- ասել է վարչապետը և հավելել, որ նոր ծրագիրը հնարավորություն կտա, որ հողօգտագործողները, հատկապես բանկային պարտավորություններից ելնելով, էժան գներով հացահատիկային բերքի վաճառք չիրականացնեն:

Նմանատիպ նյութեր