211652_close_icon
views-count1497 դիտում article-date 16:02 21-06-2016

145 հազար դրամ կաշառքով վարորդական վկայական է ստացել. կան ձերբակալվածներ

2016թ. ապրիլին քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 145 հազ. ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել է Ժորա Չ.-ին, ով նույն պահին իր մոտ է հրավիրել ծանոթ Աշոտ Խ.-ին, և միասին գնացել են քննական բաժին: Այնտեղ Մովսես Մ.-ն տեսական քննության ընթացքում առանց հարցերին պատասխանելու գնահատվել է դրական: Ավտոմեքենա վարելու գործնական քննության ընթացքում այն ընդունող ոստիկանության ծառայողը համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը: Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ի հետ կրկին նստել է ավտոմեքենան և ընդունել գործնական քննությունը: Վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, մինչդեռ ոստիկանության ծառայողը զգուշացրել է, որ քննությանն ականատես անձանց հետաքրքրվելու դեպքում նրանց հայտնի, թե, իբր, ստացել է բացասական գնահատական: Վերը նշված պայմաններում Մովսես Մ.-ն գնահատվել է դրական ու նույն օրը ստացել վարորդական վկայական: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Ժորա Չ.-ն և Աշոտ Խ.-ն՝ պաշտոնատար անձանց կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր