5578 դիտում
20:08 30-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
ՀՀ Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի Հանրապետության Նախագահ Իսլամ Քարիմովը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
«Մեծարգո՛ Նախագահ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ ունեք մեր պետականության կերտման, մեր երկրի ու հասարակական կյանքի առաջընթացի գործում: Այսօր ևս ի դիմաց բազում դժվարությունների՝ չնվազող նույն նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք արդյունավոր ջանքեր բերել՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության զորացման և մեր ժողովրդի կենսական շահերի պահպանության:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված նորանոր հաջողություններ պարգևի Ձեզ Ձեր հայրենաշեն ու ազգօգուտ առաքելության մեջ:
Թող Տերն Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք Ձեր համերկրացիների շրջանում, ինչպես նաև զգալի հեղինակություն ունեք արտերկրում ՝ որպես փորձառու և հեռատես պետական գործիչ, ով շատ բան է արել իր պետության սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային հարթակում երկրի շահերի պաշտպանության համար: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված ընկերական հարաբերությունները: Հույս եմ տածում Ձեզ հետ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու ակտիվ համատեղ աշխատանքը երկկողմ արգասաբեր համագործակցության զարգացման, ինչպես նաև ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում ու այլ միջազգային կառույցներում գործընկերային փոխգործակցության ուղղությամբ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ձեր ծննդյան օրվա առթիվ պատիվ ունեմ հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ:
Վերջին տարիներին հայ-չինական համագործակցությանն ուղղված բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Երկու երկրների միջև անընդմեջ խորանում է քաղաքական փոխվստահությունը և կայուն զարգանում է առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչը, ի վերջո, տալիս է որոշակի արդյունքներ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Մեծ ուշադրություն հատկացնելով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ պահպանել աշխատանքային կապերը և անձնական բարեկամությունը հանուն երկկողմ հարաբերությունների անընդհատ առաջընթացի ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն»,-ասված է ՉԺՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:
Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն և կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի և նրա ժողովրդի:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
6055 դիտում
17:18 30-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ
5157 դիտում
15:12 21-09-2017
ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհի 23 պետությունների ղեկավարներից շնորհավորանքներ է ստացել
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն