211652_close_icon
views-count6058 դիտում article-date 17:18 30-06-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Հանրապետության Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո՛ Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Երկար տարիներ հայոց ազգային, պետական կյանքի անդաստանում նվիրյալ ծառայությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանդեպ հայրենի մեր երկիրն ու աստվածասեր մեր ժողովուրդը: Անկախության առաջին տարիներից ի վեր ինչպես Արցախում, այնպես և Հայաստանում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, Դուք նախանձախնդիր ջանքեր եք բերել՝ հանուն մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման և Արցախյան խնդրի կարգավորման: Այսօր էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում Դուք շարունակում եք Ձեր հարուստ փորձառությունն ու հմտությունները ծառայեցնել՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու առաջընթացի և մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովման: Միածնի Իջման սուրբ վայրից Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Ձեզ և բարի արդյունքներով բարեզարդի Ձեր առաքելությունը: Թող Աստված օրհնի Ձեզ և սիրեցյալ Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով ամենքիդ քաջառողջություն և երկնապարգև ամենայն բարիք»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել և ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: Ի թիվս մի շարք ԱՊՀ և եվրոպական երկրների նախագահների՝ ՀՀ Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ռազմավարական դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ, Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակություն արտերկրում: Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը: Մշտապես ուրախ եմ շփվել Ձեզ հետ: Հուսով եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արգասաբեր աշխատանքը կշարունակվի: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ:

Նմանատիպ նյութեր