211652_close_icon
views-count2424 դիտում article-date 21:36 30-06-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Քաղաքապետը այցելել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն, որտեղ առաջիկայում կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախատեսվող աշխատանքների ծավալներն ու հնարավոր լուծումների նախընտրելի տարբերակները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում հնարավություն կստեղծվի ընդլայնել մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, ստեղծել լրացուցիչ կաբինետներ, ունենալ ժամանակակից, մրցունակ բժշկական կենտրոն: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ Հրանտ Դինքի անվան հ.44 դպրոցի 2-րդ մասնաշենքի տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար: Ներկայացնելով գործընթացի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով ու կգործի անվճար: Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցում ևս Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Այցի շրջանակում քաղաքապետին զեկուցվել է, որ հիմնադրման օրից ի վեր, մշակութային օջախը երբևէ նորոգման չէր ենթարկվել: Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն տարբեր խմբեր հաճախող շուրջ 250 երեխաների համար։ Արվեստի դպրոցի տնօրենը կոլեկտիվի և սաների ու ծնողների երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած այցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ղազարոս Սարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ բազմաթիվ հանդիսականների հետ միասին դիտել է կրթօջախի տաղանդաշատ սաների մասնակցությամբ բեմադրված թատերականացված ներկայացումը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս կրթօջախը ևս ամբողջությամբ հիմնանորոգվել է:

Նմանատիպ նյութեր