211652_close_icon
views-count2682 դիտում article-date 16:38 06-07-2016

ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը

Հատկապես մեր օրերում, երբ բժշկագիտությունն արագ տեմպերով զարգանում է, անհնար է առանց ժամանակակից գիտելիքներով զինված բժշկական անձնակազմի որակյալ բժշկական ծառայություններ ունենալ։ Ի տարբերություն շատ այլ մասնագետների, բժիշկը ժամանակից ետ չմնալու նպատակով իր ողջ գործունեության ընթացքում շարունակաբար պետք է կրթվի, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերի` բժշկական նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումների և նորագույն մեթոդների մասին տեղեկացված լինելու և դրանք հնարավորինս կիրառելու նպատակով։ Առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից ետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդնում է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Ըստ գործող համակարգի բժիշկը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 220 կրեդիտ՝ բալեր, որոնք կտրվեն այս կամ այն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառմանը մասնակցելու համար: Բժշկին կրեդիտներ կշնորհվեն նաև արտասահմանում վերապատրաստվելու կամ համացանցով՝ առցանց դասընթացի մասնակցելու դեպքում։ Դա նրան հնարավորություն կտա հաջորդ հինգ տարվա շրջափուլում շարունակել մասնագիտական գործունեությունը և աշխատել որպես բժիշկ: Իսկ միջին բուժանձնակազմը նույն ժամանակաընթացքում պետք է հավաքի 120 կրեդիտ։ Այս հնարավորությունները տալիս են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Օրենքի փոփոխությանը հաջորդել են ենթաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման կառույցի ստեղծումը։ Եվրոպական և համաշխարհային չափորոշիչներին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը Հայաստանում ներդրվում է 2015թվականից։ Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։ Բժիշկը պարտավոր է 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով: Նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս ամենի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հավելեց, որ համակարգի ներդրմանը զուգահեռ ստեղծվել են Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն և կրեդիտավորման հանձնաժողով: Կրեդիտների չափը սահմանելու համար մշակվել են չափորոշիչներ։ Գործընթացում ընդգրկվում են նաև մեր երկրում գործող բժշկական մասնագիտական կազմակերպությունները։ Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին ծանոթացրեց կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը։ Նշենք, որ ՇՄԶ համակարգի ներդրումով զգալիորեն կբարձրանան առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները, կարդիականանան նրանց գիտելիքները, ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ։ Այդ համակարգի միջոցով կընդլայնվի համագործակցունը միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք միջազգային կրեդիտներ են տրամադրում` փորձելով մաս կազմել համաշխարհային մասնագիտական շարունակական զարգացման բժշկական համակարգի, որը վաղուց արդեն գործում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում:

Նմանատիպ նյութեր