211652_close_icon
views-count3692 դիտում article-date 20:45 18-07-2016

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին վավերագրական ֆիլմի դիտումը

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները դիտեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակներն եգիպտացի հեռուստալրագրողներ Մուհամեդ Հանաֆի և Մարիամ Զաքի ամուսիններն են: Ֆիլմում ներկայացված են 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր, ցեղասպանագետների, պետական և հոգևոր գործիչների տեսակետներ: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ողջունելով ֆիլմի հեղինակներին՝ նախարարը նշեց, որ «Ով սպանեց հայերին» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվում է Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում, և հատկանշական է այն, որ Հայոց ցեղասպանության թեման հետաքրքրել է եգիպտացի հեռուստալրագրողներին: Նախարարը նաև արժևորեց վերջիններիս կատարած հսկայածավալ աշխատանքը, հարցի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը և բարձր գնահատեց ֆիլմը, որով արաբական աշխարհին ներկայացնում են պատմական ճշմարտությունը: «Կարծում եմ՝ ձեր ֆիլմի հայաստանյան ամենամեծ գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվելն էր, և դուք՝ իբրև հայ ժողովրդի լավագույն բարեկամներ, արժանի եք այդ գնահատանքին»,- հավելեց նախարարը: Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանին և հայ համայնքին, որ կազմակերպել են լրագրողների այցերը Հայաստան: Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս նախաձեռնությունը, որն առավել կխորացնի կապը Եգիպտոսի և Հայաստանի միջև, կնպաստի հայ եգիպտական հարաբերությունների զարգացմանը: Կարևորելով լրագրողների ավանդը Հայոց ցեղասպնության մասին արաբական աշխարհին իրազեկելու գործում՝ Սփյուռքի նախարարը նրանց պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ §Ոսկե մեդալով¦: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման բարձր պարգևին արժանացնելու համար՝ Մուհամեդ Հանաֆին նշեց, որ իրենց համար հոգեհարազատ է դարձել Հայաստանը, և յուրաքանչյուր այցելություն նպաստում է, որ խորությամբ ճանաչեն հայ ժողովրդին և ընկալեն հայ մշակույթը: Ֆիլմի ստեղծման համար ազդակ են հանդիսացել եգիպտահայերը և հավելեց, որ հայերը Եգիպտոսում ձգողական մեծ ուժ և ազդեցություն ունեն, մեծ է նրանց ներդրումը Եգիպտոսի կյանքի տարբեր ոլորտներում: Նա նշեց, որ ֆիլմը ցուցադրվել է Եգիպտոսում և մեծ ընդունելության է արժանացել, վստահություն հայտնեց, որ այն հասանելի կլինի ողջ արաբական աշխարհին և բուն հասցեատիրոջը: Մարիամ Զաքին ևս շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և ասաց, որ այն միաժամանակ հաճելի է և պարտավորեցնող: Նա նշեց, որ առաջին անգամ է նման ձևաչափով ներկայացվում արաբ հանդիսատեսին ցեղասպանության ամբողջական պատմությունը: «Պատմությունը պետք է բացահայտվի, պետք է խոսվի այդ մասին համապարփակ, ոչ թե առանձին դեպքեր, իրադարձություներ ներկայացնելով: Մենք աշխատել ենք տարբեր երկրների, կառույցների հետ, բայց նման բարձր գնահատանքի արժանացել ենք միայն Հայաստանում: Շատ ուրախ եմ, և հպարտշ»,- հավելեց ֆիլմի համահեղինակը: Այնուհետև ֆիլմի հեղինակները պատասխանեցին նախարարության աշխատակիցների հարցերին:

Նմանատիպ նյութեր