211652_close_icon
views-count17559 դիտում article-date 07:48 21-07-2016

Բախումների հետևանքով կա 45 տուժած

00:50 ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը' ոստիկան։ Տուժածներից 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունը հայտնում է, որ բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։ 00:22 Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարդկանց հետ և տեղեկացնում, որ քահանաներ են եկել և ուզում են աղոթք կարդալ՝ գրավված ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ հնչեցին, որոնց ի պատասխան ցուցարարները ծափահարեցին: 22:45 Նիկոլ Փաշինյանը վերադարձավ, հորդորեց մարդկանց չտրվել սադրանքներին, պահպանել հանգստություն, որ կարողանան հարցին հանգիստ լուծում տալ: «Ես ինձ չեմ ների, եթե Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ պակասի, բայց չեմ ների նաև, եթե մի բան չանեմ, որ մազ չպակասի նաև Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի գլխից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ քաղաքացին հաղթելու է: Խորենացու փողոցում ոստիկանության հետ բախումից հետո ցուցարարների մի խումբ ուղղվեց դեպի Տիգրան Մեծի պողոտան և փակեց այն՝ օգտագործելով քարեր, նստարաններ, աղբամաններ և այլ իրեր։ Այժմ Տիգրան Մեծի պողոտայի տվյալ՝ Խորենացու փողոցի հետ Քրիստափորի փողոցով միացող հատվածը երթևեկելի չէ։ 21:59 Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: Սակայն ոստիկանները հստակ պատասխան չտվեցին և ցուցարարները սկսեցին քարերով հարվածել նրանց և սկսվեց բախում նրանց միջև: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, շատ տուժածներ ունեն։ Ինչպես երևում էր բախումից, տուժել են նաև շարքային քաղաքացիներ։ Քաղաքացիները աղբամաններով բարիկադներ են սարքել իրենց և ոստիկանների միջև։ 21:45 Լարված իրավիճակ Խորենացի փողոցում: Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: 20:45 «Արաբո» ջոկատի տղաները Մանվել Եղիազարյանի գլխավորությամբ եկել են Խորենացի փողոց և ուզում են իրենք սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ի անդամներին, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Վարուժան Ավետիսյանը համաձայն է, որ մենակ ինքը կարող է սնունդ փոխանցել՝ իր պատասխանատվությամբ: Վերջինս սպասում է ոստիկանների որոշմանը՝ հարցը դեռ քննարկվում է: 20:15 Այս պահին Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Քիչ առաջ նրանք փորձեցին փակել Խորենացի-Քրիստափոր խաչմերուկը։ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն ինքն առաջարկեց հանգստություն պահպանել, քանի որ իրենք անձամբ կփակեն այդ հատվածը, որպեսզի մեքենաների հոսք չլինի, այս մասին դեպքի վայրից տեղեկացնում է [color=#EF2929]ԼՈՒՐԵՐ.com-[/color]ի թղթակիցը։ 15։40 Խորենացի փողոցում մի խումբ մարդկանց հանրային քննարկումն ավարտված է։ Քննարկման մասնակիցները հայտարարում են՝ պետք է ստեղծել հռչակագիր, ժամանակավոր խումբ ձևավորել՝ ժողովրդի պահանջները տեղ հասցնելու և մնացած պրոցեսները կառավարելու համար։ Հանրային քննարկման մասնակիցները նաև պահանջում են «Սասնա Ծռեր»-ի և իշխանությունների միջև բանակցությունները բաց կերպով անել։ Նաև պետք է լուծել ՊՊԾ գնդում գտնվողների սննդի հարցը։ 14:00 Խորենացի փողոցում գտնվող ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպել զինված խմբի անդամների հետ, զրուցել նրանց հետ և հասկանալ՝ ինչ է կատարվում։ «Մեզ ասացին՝ սպասեք, ճշտենք՝ կասենք։ Սպասում ենք։ Հիմա ես գնում եմ Օմբուդսմենի հետ հանդիպման՝ վերջին դեպքերի հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը։ ԲՀԿ նախագահը նշեց՝ այսօր լարվածության էսկալացիայի մեծացում չպետք է թույլ տալ։ «Եկեք բոլոր հնարավոր տարբերակները փորձենք։ Հիմա ես չեմ ասում, որ գնամ հանդիպեմ, խնդիրը լուծվելու է։ Բայց գնանք խոսենք էլի, հասկանանք։ Բոլոր հնարավոր միջոցները պետք է փորձել»,- հավելեց նա։ 13:50 Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 13։00 Խորենացի փողոցում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Մի խումբ մարդիկ գիշերվանից մնացել են Խորենացի փողոցում և կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց ու պայքարել։ 11:50 Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սա բավական նուրբ հարց է: «Հայաստանում սկսած 90 թվականից՝ ամեն ինչ ուղեկցվել է խախտումներով: Մեր ազգի համար շատ կարևոր իրադարձություն էր սահմանադրական հանրաքվեն, որը ևս կեղծվեց: Այս մարդկանց գոնե մի քանիսին ես ճանաչում եմ: Նրանք մի քանի անգամ փորձել են քաղաքական ճանապարհով ինչ-որ բան փոխել: Այս ամենը մեզ ենթադրել է տալիս, որ պետք է շատ զգուշավորությամբ խոսել»,- ասաց նա: Հայրիկյանը նշեց, որ մենք ունենք երեք խնդիր՝ երեքն էլ խուսափել արյունահեղությունից: հայրիկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը սկսել է իր հրաժարականի գործընթացը, քանի որ վերջինս ոչ մի հայտարարություն չի անում, «իսկ երկրի իրական նախագահը միանգամից պետք է արձագանքեր»: «Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ «Սասնա ծռեր» խմբի հիմնական պահանջին՝ հրաժարականին: Նա սկսել է իր հրաժարականի գործընթացը, որովհետև, եթե որևէ երկրում նման իրադարձություն լիներ, ապա իրեն նախագահ համարող անձը պետք է անմիջապես ասպարեզում երևար»,- հավելեց Հայրիկյանը։ 10:00 Զինված խմբի անդամները Ոստիկանության ՊՊԾ գնդում արդեն 74 ժամից ավելի է, ինչ պատանդ են պահում ոստիկանների: Գիշերը հանգիստ է անցել, այս պահին ևս հանգիստ է: Առավոտյան Խորենացի փողոցում են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ինտենսիվ բանակցությունները ՊՊԾ գնդում գտնվողների հետ շարունակվում են:

Նմանատիպ նյութեր