211652_close_icon
views-count3000 դիտում article-date 12:49 21-07-2016

Լրագրող Գևորգ Թոսունյանը բռնության է ենթարկվել. խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը

Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը: Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Քարեր նետողները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բռնությունները, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը և ընդգծում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով անմիջապես իրավական գնահատական տալ արարքին և ձեռնարկել միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ասված է Իրավաբանների հայկական ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր