1945 դիտում
18:45 28-07-2016
Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
Հուլիսի 28-ին «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի մասնակից Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարևորեց «Սայաթ-Նովա» պարախմբի 30-ամյա գործունեությունը, որը ոչ միայն օգնում է Սփյուռքում ապրող երիտասարդներին ծանոթանալ ազգային մշակույթին, այլև օտարին հնարավորություն է տալիս պարի, հայկական երաժշտության միջոցով ճանաչել հայ ժողովրդին, մեր հազարամյա մշակույթն ու պատմությունը: «Սփյուռքում մեծ նվաճում է հիմել պարախումբ, որը տարիներ շարունակ տարբեր բեմերից հանդիսատեսին է ներկայացնում հայ պարը: Նման աշխատանքը պահանջում է տիտանական ջանքեր և փաստում՝ համառ, նպատակասլաց աշխատանքի և մեծ նվիրումի մասին»,-նշեց Սերժ Սրապիոնյանը և շնորհակալություն հայտնեց «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու համար, որը հնարավորություն է տալիս Սփյուռքում գործունեություն ծավալող պարախմբերին ելույթ ունենալ Հայաստանում:
Կատարելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար, Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախմբին:
Պարախմբի գեղարվեստական ղեկավար Աբո Աշճյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հայրենիքում: «Պարախմբի անդամներից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Այս այցի ընթացքում նրանք ոչ միայն հնարավորություն ունեցան ելույթ ունենալու հարազատ հանդիսատեսի առջև, այլև՝ ճանաչել իրենց հայրենիքը: Պարախումը ելույթներ ուենցավ Վանաձորում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայոց բանակի զինվորների առջև: Այս ամենը ոգևորության մեծ լիցքեր է հաղորդել խմբի անդամներին, ովքեր շաբաթը 3-4 անգամ գալիս են փորձերի ու իրենց ազատ ժամանակը նվիրում հայ մշակույթն ու արվեստը ուսանելուն ու տարածելուն»,- նշեց Աբո Աշճյանը և պարախմբի անունից փոքրիկ հուշանվեր հանձնեց Սփյուռքի նախարարությանը:
Նախօրեին՝ հուլիսի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել էր նաև պարախմբի 30-ամյակին նվիրված հոբելյանական, բարեգործական համերգ-երեկոն:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
16:59 23-07-2016
Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»