211652_close_icon
views-count4317 դիտում article-date 14:50 30-07-2016

Տեղի է ունեցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» փակման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ

Հուլիսի 29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաս¬տան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» հանդիսավոր փակումը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Պարարվեստի օրերի մասին պատմող տեսանյութը հանդիսատեսին ներկայացրեց սփյուռքից ժամանած պարախմբերի՝ մարզերում ունեցած համերգային ծրագրերն ու այցելությունները թանգարաններ, տեսարժան վայրեր: Ելույթ ունեցան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 32 պարախմբերը՝ Բուենոս Այրեսի «Մասիս», Ֆիլադելֆիայի «Մեղրի», Մոսկվայի «Վարդավառ», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», «Նոյան», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմավիր», «Նարեկ», «Արարատ», Թբիլիսիի «Անի», «Վանք», Նինոցմինդայի «Փարվանա», Գեորգիևսկի «Գարուն», Ստավրոպոլի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», Սոչիի «ԼՈՈ», Կալուգայի «Տաշիր», «Ղարաբաղ», Մինսկի «Էրեբունի», Տալինի «Սայք», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ և Անի», Խարկովի «Արաքս», Սպահանի «Էրեբունի», Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի», Դնեպրոպետրովսկի «Նիկա Դանս» պարախմբերը, Սամարայի «Կիլիկիա», Ջավախքի «Ջավախք» երգի պարի համույթը: Ելույթ ունեցան նաև Ռաֆֆի Շաննաքյանը Լիբանանի Անճարից, երգիչ Հայկ Եսայանը: ՀՀ սփյուռքի նախարարի և նախարարության անունից «Պարարվեստի օրերի» մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա շեշտեց. «Սփյուռքից ժամա¬նած թանկագին քույրեր և եղբայրներ, ջերմությամբ ու սիրով ողջունում եմ ձեզ Հայրենիքում և շատ ուրախ եմ, այս 10 օրերի ընթացքում դուք մեծ ոգևորությամբ մասնակցեցիք մշակութային եզակի այս փառատոնին, ձեր սրտի ջերմությունն ու հևքը, ձեր արվեստն ու սերը նվիրեցիք Հայրենիքին: Խորհրդանշական է, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որը մենք նվիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին, հյուրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին և հյուրերին: Մշակույթը մեր դեմքն է, հայի անձնագիրն աշխարհում և շնորհակալ ենք, որ ձեր ազատ ժամանակը լցնում եք արվեստով, հավատարիմ եք մնում ձեր մշակույթին: Մեր հիացմունքն ու երախտագիտությունն ենք հայտնում նաև մեր պարուսույցներին, խմբավարներին, արվեստի ուսուցիչներին: Այսօր եզրափակում ենք «Պարարվեստի օրերը» Հայաստանում և մաղթում ենք ձեզ ստեղծագործական նոր թռիչքներ և բարձունքներ՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդման և Հայաստանի զորացման, հայ ժողովրդի բարօրության ու լուսավոր, գունեղ ապագայի: Շնորհակալություն և նորանոր բեմեր»: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ պարոն Սերս Սրապիոնյանը հավաստագրեր հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի փակման գալա համերգի բոլոր մասնակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր