211652_close_icon
views-count3823 դիտում article-date 15:35 03-08-2016

Շուշիում կայացել է ասմունքի համահայկական 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի շրջանակներում Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում տեղի ունեցավ ասմունքի համահայկական 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, որում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն ողջունում եմ ձեզ և շնորհավորում Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնին մասնակցելու առիթով, որն այս տարի նվիրված է ՀՀ և ԼՂՀ 25-ամյա հոբելյաններին: 25 տարի շարունակ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, ձեռք ձեռքի տված, կառուցում, շենացնում են իրենց Հայրենիքը, ստեղծում ամուր և հզոր պետականություն, պայքարում՝ հանուն խաղաղ, լուսավոր, գեղեցիկ ապագայի: Հատկապես այս օրերին, երբ սահմանում իրադրությունը շարունակում է լարված մնալ, Շուշիում կազմակերպվող ասմունքի փառատոնը յուրատեսակ խորհուրդ է ձեռք բերում: Մենք ոգու ժողովուրդ ենք, և այդ ոգեղենության կրողն է ձեզանից յուրաքանչյուրը: Ձեր ներկայությունն այդտեղ ապացուցում է, որ ցանկացած իրադրության մեջ հայ ժողովուրդն իր երակներում ապրելու և արարելու ուժ է գտնում ու նույնը սերմանում է իր զավակների մեջ: Փառատոնը նաև հիանալի հնարավորություն է բոլորիդ համար՝ հավաքվելու մեկ հարկի ներքո: Եվ չնայած նրան, որ դուք մշակութային տարբեր միջավայրերից եք գալիս, այս պահին մեկ հավաքականություն եք ու պիտի հնչեցնեք հայ բառն ու բանը, հայրենասիրական պատգամներ փոխանցեք իրար ու վերադառնաք ձեր բնակության երկրները՝ զորացած, էլ ավելի հայացած»: Ելույթ ունեցան նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտ փոխնախարար Արմեն Սարգսյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ով գլխավորում է գնահատող հանձնախումբը, ներկայացրեց մրցույթի անցկացման կարգն ու գնահատման չափորոշիչները ու բարի երթ մաղթեց մասնակիցներին: Հավելենք, որ փառատոնը կազմակերպվում է «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցում են 6-18 տարեկան 113 աշակերտ 7 երկրից` Հայաստանից, Արցախից, Իրանից, Լիբանանից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Վրաստանից: Փառատոնը կավարտվի օգոստոսի 5-ին: Փակման արարողության ժամանակ կհայտարարվեն հաղթողների անունները: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև այցելություններ Արցախի տեսար­ժան վայրեր, Զոհված ազատամարտիկների թանգարան, Սուրբ Ղազանչեցոց, Գան­ձա­սար և Կանաչ ժամ եկեղեցիներ, Տիգրանակերտ, Հունոտի կիրճ, Տաթևի վանք, Քարահունջ: Կիրականացվեն նաև երեկոյան տոնակատարություններ:

Նմանատիպ նյութեր