211652_close_icon
views-count3758 դիտում article-date 14:24 04-08-2016

Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա. Շավարշ Քոչարյան

Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ԼՂ կարգավորման խնդիրներին` հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե երբ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բացառված է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նկատի ուներ՝ ներկայի՞ս, ԼՂԻՄ-ի, թե՞ ԼՂ-ի տարածքը, փոխնախարարն ասաց. «Նախագահը շատ հստակ է ասել: Առաջին, որ միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինի, իսկ երկրորդ՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»: Նա հավելեց. «Չի կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա 2 հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում. որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ: Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, և պետք է այդ ուղղությամբ կատարվի աշխատանքը: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»: Ըստ դիվանագետի` բանակցություններ ընթանում են, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը հետո լրիվ այլ բաներ է ներկայացնելու այն մասին, թե ինչ է խոսում հիմա` բանակցային հարթությունում: Ինչ վերաբերում է հարցին, թե «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ինչպես կարող են անդրադառնալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա, ապա Շավարշ Քոչարյանը դժվարացավ պատասխանել: Անդրադառնալով «Անի» վերլուծական կենտրոնի կողմից Կազանի փաստաթղթի հրապարակմանը՝ նա ասաց, որ չի կարող ասել՝ այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ, քանի որ իր պատասխանը կնշանակի, որ ինչ-որ չափով գաղտնազերծում է: Ինչ վերաբերում է Վլադիմիր Ժիրինովսկու սկանդալային արտահայտությանը, որ՝ «թքած Հայաստանի վրա», ապա Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ իր իսկ որակմամբ` այդ անհեթեթ արտահայտությանն արձագանքը եղել է Հայաստանի դեսպանի մակարդակով, ինչը բավարար է: Չպետք է մտածել, որ Ժիրինովսկու արտահայտությանը պետք է հետևեն մեծ թվով պաշտոնյաների արձագանքներ:

Նմանատիպ նյութեր