211652_close_icon
views-count1753 դիտում article-date 23:14 18-05-2020

Շավարշ Կարապետյանի կյանքը հերոսական սխրանքների իրական շարք է. Արտակ Իգիթյանը ֆիլմ է նկարում Շավարշ Կարապետյանի մասին

Ջրասուզալող մարզաձևի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի կյանքը հերոսական սխրանքների իրական շարք է: Նրա կողմից փրկվել են անկառավարելի ավտոբուսի 30, լճում խորտակված տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևոր, նա մասնակցել Է Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի փրկարարական աշխատանքներին և տարբեր ժամանակներում ու վայրերում փրկել է ջրում խեղդվելու վտանգում հայտնված տասնյակ մարդկանց: «Ճակատագրին ծառայելու» գինը բարձր է և անարդար, բայց Շավարշի կյանքի պատմությունը իրական ոգեշնչում է կյանքի հանդեպ սիրո, նպատակներին հասնելու, աննկարագրելի մարդկային հերոսությամբ բնութագրվող ընտրության մասին ֆիլմ ստեղծելու համար: [url=https://armenpress.am/arm/news/1015676.html?fbclid=IwAR0LW4mcKAWAzTVBGtU-GjyL5uZ_0s6dn6oWsUSj8ufeXRoNarRkShM4SWg] «Արմենպրես»-[/url]ը զրուցել է ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ, ով պատրաստվում է ֆիլմ նկարահանել Շավարշ Կարապետյանի և 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճում տեղի ունեցած հայտնի դեպքի մասին: -Պարոն Իգիթյան, ինչպես տեղեկացանք, «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ սկսում եք Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքը: -Այո, այդպես է: «Հայֆիլմ» կինոստուդիան ինձ դիմեց Շավարշ Կարապետյանի սխրագործությանը նվիրված «20» կոչվող ֆիլմը նկարահանելու առաջարկով: Իրականում այս փառահեղ պատմության ֆիլմի սցենարը ես մշակել էի դեռևս 2011 թվականին: Գաղափարն առաջացավ իմ` «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի պրեմիերայից հետո. այդ ժամանակ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժապավենից հետո անհագ ցանկություն ունեի ստեղծելու ապրեցնող որևէ մի բան: Շավարշի պատմությանը ես շատ վաղուց էի ծանոթ, սակայն հենց այդ ժամանակ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել այն. ֆիլմը մեր հայրենակցի սխրագործության և հերոսության, ինքնազոհության և մեծահոգության մասին իրական պատմություն է, և իրականության փաստերի վրա հիմնված նման պատմության էկրանավորումը ցանկացած ռեժիսորի համար երազանք է: Ի սկզբանե, մեր ցանկությունն էր ֆիլմը բաց թողնել Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ, բայց կազմակերպչական և ֆինանսական պատճառներով պրոդյուսերների կողմից նախագիծը կասեցվեց, և ես իմ գաղափարի իրականացումը հետաձգեցի մինչև առաջին իսկ հարմար պահը: Կարծես թե վերջապես այդ ժամանակը եկել է: Ինձ ուրախացնում է հատկապես այն, որ նախագծի իրականացումը հանձն է առել «Հայֆիլմ» կինոստուդիան. պատմությամբ և ավանդույթներով կինոստուդիան մեր ազգային խորհրդանիշերից և բրենդերից ամենաճանաչելիներից է: Ես հավատում եմ, որ Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին այսպիսի նշանակալի և ամբիցիոզ նախագծի հաջող իրականացումը կարող է դառնալ «Հայֆիլմի» վերածննդի համար կարևոր իմպուլս: -Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը: Հենց իրադարձության, թե՞ Շավարշի կյանքի մասին: -Ֆիլմը մեծամասամբ կարելի է համարել կենսագրական, որի առանցքն ու գագաթնակետը, իհարկե, կլինի 1976 թվականի սեպտեմբերի 16-ի դրամատիկ իրադարձությունը: Պատկերացրեք, 23-ամյա գեղեցիկ երիտասարդ մարզիկը, ջրասուզալող մարզաձևի ԽՍՀՄ չեմպիոնը առավոտյան վազքից եղբոր հետ վերադառնում է տուն: Կյանքը լի է խաղաղությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ: Եվ հանկարծ նրա աչքերի առջև ուղևորներով լի տրոլեյբուսը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնում է Երևանյան լիճը: Մի քանի վայրկյանում կայացվում է ճակատագրական որոշում. առանց սեփական անձի, կարիերայի և որևէ այլ բանի մասին մտածելու Շավարշը վայրկենապես նետվում է ջրով ծածկված տրոլեյբուսի հետևից և սկսում է մեկը մյուսի հետևից փրկել ջրի մեջ 10 մետր խորությունում հայտնված մարդկանց: Նա անվերջանալի թվացող 20 րոպեներ է անցկացնում սառը ջրում. ժամանակ առ ժամանակ 10 մետր խորությունից ավելի ներքև սուզվելով՝ միայնակ մեկ առ մեկ դուրս է բերում մարդկանց: 92 ուղևորից 46-ին դուրս է հանում ջրից, բայց նրանցից միայն 20-ի կյանքն է հաջողվում փրկել: Քանի-քանի անգամներ եմ գլխումս պատկերել այդ տեսարանները… Իրագործած սխրանքի համար ականավոր լողորդը «թանկ է վճարել»: Այդ ժամանակ Շավարշն արդեն աշխարհի 10-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, եվրոպայի 13-ակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն էր ջրասուզալող սպորտաձևում։ Տրոլեյբուսի կոտրված ապակիներից ստացած վնասվածքների ու ջրի հիպոթերմային պայմանների պատճառով մարզիկի մոտ առաջանում է արյան ընդհանուր վարակում և երկկողմանի թոքաբորբ: Հետագայում առողջական խնդիրները Կարապետյանին ստիպեցին ավարտել մարզական կարիերան: Այնուամենայնիվ, վերականգնվելուց հետո այս զարմանալի մարդուն հաջողվեց սահմանել ևս մեկ ռեկորդ՝ դառնալով աշխարհի 11-ակի ռեկորդակիր: Շավարշի պատմությունը ոչ միայն մարդու կյանքի, այլև մարզական կամքի, ոգու մեծ հաղթանակի պատմություն է: Սա իսկական կինեմատոգրաֆիական կտավ է: Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/1015676.html?fbclid=IwAR0LW4mcKAWAzTVBGtU-GjyL5uZ_0s6dn6oWsUSj8ufeXRoNarRkShM4SWg]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր