211652_close_icon
views-count1009 դիտում article-date 11:29 09-08-2016

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 2 սպաների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին: Ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հիշյալ օրը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր