211652_close_icon
views-count6726 դիտում article-date 19:05 09-08-2016

Հանդիպում Էկվադորի արտաքին առևտրի նախարարի և «Հայ- Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահի միջև

«Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը օգոստոսի 3-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում հանդիպում ունեցավ Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյիի հետ: Հանդիպման սկզբում Էկվադորի արտաքին առևտրի նախարարը ողջունեց իր հյուրին՝ կարևորելով Հայաստանից նման այցերի պարբերականությունը, որոնք, նախարարի համոզմամբ, դրական կանդրադառնան տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Ծանոթանալով Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության ծավալած գործունեությանը՝ Էկվադորի նախարարն իր շնորհակալությունն հայտնեց Վարդան Հարությունյանին՝ բարձր գնահատելով այն ամենը, ինչը նախկինում արվել ու դեռ շարունակվում է արվել իր ժողովրդի համար: Վարդան Հարությունյանն իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Խուան Կառլոս Կասինիելյիին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ անչափ կարևորում է այս ու նմանատիպ հանդիպումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը: «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ Հայաստանն ու Էկվադորը առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ հեռանկարներ ունեն: Ինչպես հայտնի է բոլորիս, Էկվադորին է բաժին հասնում մի շարք ապրանքների համաշխարհային արտահանման հսկայական մասը, օրինակ՝ բանանի, կակաոյի, սուրճի, էկզոտիկ բազմաթիվ մրգերի, բնական դեղորայքի, յուրօրինակ ծովամթերքի, ծաղկի և այլն: Այսինքն՝ տնտեսական կապերի հաստատումը հնարավորություն կտա ոչ միայն բազմաթիվ ապրանքներ Հայաստան ներկրել առանց միջնորդների, այլև ճիշտ աշխատանքի դեպքում Հայաստանն ինքը կարող է դառնալ միջնորդ էկվադորական ապրանքի՝ այլ երկրներ ներկրման համար: Հայաստանը, միանշանակ, շատ բարենպաստ դիրքում է և կարող է որոշակի լուրջ դերակատարություն ստանձնել Էկվադորի և մեր տարածաշրջանի միջև ձևավորվելիք առևտրատնտեսական հարաբերություններում, քանի որ մի կողմից Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների շուկաները մեզ համար ավելի հասանելի են, մյուս կողմից՝ ներկա պահին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման փուլում են, ինչը ռեալ հնարավորություն է իրանական 80-միլիոնանոց շուկա մուտք գործելու համար: Սակայն Էկվադորի համար Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու այս նախագիծը կարիք ունի պետական աջակցության, քանի որ հարաբերության հիմքերն ամուր դնելու համար անհրաժեշտ են միջպետական պայմանավորվածություններ: Ներկայացված ծրագրերն արժանացան Էկվադորի նախարարի հավանությանը, քանի որ հայ-էկվադորական հարաբերությունների զարգացման համար անչափ կարևոր է առևտրատնտեսական կապը, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Էկվադորի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև երկու երկրների տնտեսությունների զարգացման համար: Հանդիպման վերջում որոշվեց կազմակերպել համապատասխան ժողով, որին կմասնակցեն նաև ProEcuador կազմակերպության մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև դրվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հիմքը: [url=http://newsecuador.ec/about] «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպություն[/url]

Նմանատիպ նյութեր