211652_close_icon
views-count57485 դիտում article-date 17:17 13-08-2016

Հիվանդանոցում մահացավ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ բախման հետևանքով ծանր վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանը

Հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորված Գագիկ Մկրտչյանը այսօր մահացել է հիվանդանոցում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ ու ներքին արյունահոսությամբ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Գ. Մկրտչյանի սրտանոթային համակարգը գործում էր դեղորայքի օգնությամբ, նա չուներ գիտակցություն, նրան միացված էր արհեստական շնչառության սարք: Հիշեցնենք, որ նրա բուժման ընթացքում երկու անգամ հրավիրվել էր կոնսիլիում: ՀՀ Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել ոստիկանության ավագ ենթասպա Գ. Մկրտչյանի մասին. «Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պետությունն ու ժողովրդին պաշտպանում էր և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ ոստիկանի համար հանուն հայրենիքի և մարդու պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում: Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար: Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը:»

Նմանատիպ նյութեր