57100 դիտում
13:30 15-08-2016
Լավագույն տղերքը հեռանում են. ծառայության ժամանակ վիրավորված և օրեր անց մահացած ոստիկանության աշխատակցի աճյունը հողին հանձնեցին. ներկա էին ՀՀ ոստիկանապետն ու Ազգային ժողովի փոխնախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորված և հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի թաղման արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի ողջ կազմը, ոստիկանության մեծ թվով սպաներ ու շարքայիններ։
Թաղմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ Գրեթե բոլորը միաբերան դատապարտում էին տեղի ունեցածը և իրենց ցավակցությունն էին հայտնում տեղի ունեցածի համար։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/13/92834/]հայտնել [/url]էինք, Գ. Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին, հիվանդանոցում։ Նրա սրտանոթային համակարգը գործում էր դեղորայքի օգնությամբ, չուներ գիտակցություն և միացված էր արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ նրա բուժման ընթացքում երկու անգամ հրավիրվել էր կոնսիլիում:
ՀՀ Ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել ոստիկանության ավագ ենթասպա Գ. Մկրտչյանի մասին. «Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պետությունն ու ժողովրդին պաշտպանում էր և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ ոստիկանի համար հանուն հայրենիքի և մարդու պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում: Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար: Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+