211652_close_icon
views-count2248 դիտում article-date 18:07 16-08-2016

Հատուկ քննչական ծառայության պետը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին. քննարկվել է «Սասնա ծռերի» գործի ընթացքը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից հետաքրքրվել է նախորդ ամսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև զինված խմբի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքից: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը ընդգծել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: «Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված առերևույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Վահրամ Շահինյանը: Հանդիպման ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը փաստել է. «Գոհացնող է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրակրկիտ ու արհեստավարժ քննություն է իրականացնում Էրեբունու ոստիկանության շենքի գրավման և ՀՀ քաղաքացիների ու լրագրողների դեմ ուղղված ոստիկանական չարաշահումների դեպքերով»: Վահրամ Շահինյանը նշել է նաև, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործերի նկատմամբ, պարբերաբար հանրության ուշադրությանն է ներկայացվում տեղեկատվություն՝ քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունների մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը շրջել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Նմանատիպ նյութեր