3598 դիտում
16:33 23-08-2016
Ամփոփվել են 2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաների արդյունքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվել է 2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաների արդյունքները: ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ. Նավասարդյանը, Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը և օլիմպիադայի մեդալակիրներ Էդգար Վարդանյանը և Սերգեյ Ներսիսյանը ներկայացրել են միջազգային օլիմպիադաների կազմակերպման գործընթացն ու Հայաստանի թիմի արդյունքները:
ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ. Նավասարդյանի տեղեկացմամբ Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993 թվականից: 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցականները մասնակցել են 6 առարկաների՝ Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ինֆորմատիկա և Աշխարհագրություն առարկաների միջազգային օլիմպիադաներին:
Ընդհանուր առմամբ նշված առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 25 աշակերտներ, ովքեր նվաճել են 15 մեդալ, յդ թվում 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն ավելին է, քան հարևան երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի օլիմպիական մեդալները միասին վերցրած:"Մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած մեր 6 աշակերտներից 5-ը նվաճել են մեդալներ, ֆիզիկայի օլիմպիադայի 5 մասնակիցներից 4-ն են նվաճել մեդալներ, Ինֆորմատիկայի 4 մասնակիցներից` 2-ը, Կենսաբանության 4 մասնակիցներից` 3-ը, Քիմիայի 4 մասնակիցներից 1-ը: Աշխարհագրության օլիմպիադայում ունեցել ենք 2 մասնակից, սակայն , մեդալ, ցավոք չունենք,- տեղեկացրել է Հ. Նավասարդյանը և հավելել, - առջևում հոկտեմբերին կայանալիք Աստղագիտության օլիմպիադան է, որին մեր թիմը ներկայանալու է 5 մասնակիցներով: Աստղագիտությունից մեր սպասելիքները մեծ են, որովհետև մասնակիցները նախկինում մեդալներ նվաճած աշակերտներ են": Բանախոսի տեղեկացմամբ միջազգային օլիմպիադաների ընթացակարգերով յուրաքանչյուր երկրի իրավունք է տրվում ներկայանալ որոշակի թվով մասնակիցներով:
Հայաստանի թիմերը բացառությամբ "Աշխարհագրություն" առարկայի,հանդես են եկել արդյունավետ. "Աշխարհագրության դեպքում մեր աշակերտները անգլերեն լեզվի իմացության և հաղորդակցության խնդիր ունեն, որը պայմանավորված է նաև այս առարկայի քննական ընթացակարգով: Եթե մյուս առարկաների դեպքում թիմերի ղեկավարները հնարավորություն են ունենում թարգմանված տարբերակները հնարավորինս արագ տրամադրել աշակերտներին, ապա աշխարհագրության պարագայում դա տեխնիկապես հնարավոր չէ: Աշխարհագրության օլիմպիադան բաղկացած է երեք փուլերից, որոնցից մեկը՝ դաշտային փուլը, անցկացվում է դրսում: Այդ փուլին ներկա են գտնվում միայն աշակերտներն ու ժյուրիի անդամները, ղեկավարների մուտքն արգելվում, իսկ հաղորդակցության լեզուն անգլերենն է: Տերմինաբանությունը հասկանալու իմաստով մեր մասնակիցներն ունենում են խնդիր: Մեր թիմն ընդամենը երկրորդ տարին է, ինչ մասնակցում է աշխարհագրության օլիմպիադային և կարծում եմ հետագայում կկարողանանք այստեղ ևս հաջողություն արձանագրել",- նշել է Հ. Նավասարդյանը:
Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի բոլոր մասնակիցներն առնվազն երկու տարի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հաճախել են օլիմպիական պարապմունքների, որն էլ նկատելի արդյունք է ապահովում հատկապես փորձարարական փուլում հաջող հանդես գալու համար."Նախկինում մենք սարքավորումների պակաս ունեինք, սակայն վերջին երկու տարիներին այդ խնդիրը լուծվել է և մենք փորձերը նախապես անում ենք",- իր խոսքում նշել է Գ. Գրիգորյանը և հավելել, որ միջազգային օլիմպիադայի ծրագիրն էականորեն տարբերվում է ֆիզիկայի դպրոցական ծրագրի բովանդակությունից. "Օլիմպիադայում կան խնդիրներ, որոնք ֆիզիկայի հանրակրթական դպրոցական ծրագրում ընդհանրապես չեն ուսուցանվում": Ֆիզիկայի օլիմպիադայի այս տարվա ոսկե մեդալակիր Էդգար Վարդանյանը, պատմելով իր հաջողությունենրի մասին, նշել է, որ ինքը միջազգային օլիմպիադաներում Ֆիզիկայից և Աստղագիտությունից 9 մեդալ է նվաճել և համոզված է, որ առանց օլիմպիական խմբակների հաճախելու դժվար է արդյունքներ ապահովել: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակցության նախնական քայլ կարևոր է նաև Ալմա-Աթի քաղաքում կազմակերպվող Ժաուտիկովյան օլիմպիադաների մասնակցությունը, որը նախ փորձ, ապա նաև ինքնավստահություն է տալիս. "Միջազգային օլիմպիադայի պատնեշն, իհարկե, դժվարություն է, բայց անհաղթահարելի չէ, կարծում եմ՝ լավ պարապելու դեպքում կարելի է հասնել արդյունքի",- նշել է Էդգար Վարդանյանը, ով այս տարի արդեն ընդունվել է բուհ և կդառնա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող:
Ասուլիսի մյուս մասնակիցի՝ մաթեմատիկայի օլիմիադայի բրոնզե մեդալակաիր Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝ ինքը դեռ ապագա մասնագիտության հարցում հստակ չի կողմնորոշվել, բայց գիտի, որ շարունակելու է մաթեմատիկայի ուղղությամբ. "Ինձ մի միավոր խանգարեց՝ կարող էի արծաթ նվաճել",- պատմել է Ս. Ներսիսյանը: Անդրադառնալով խնդիրներին՝ Հ. Նավասարդյանը նշել է, որ կառավարության կողմից միջազգային օլիմպիադաների հաղթողներին տարկետման իրավունք տրվում է միայն ՀՀ պետական բուհերում, մինչդեռ ճիշտ կլինի, եթե մեդալակիրներն այդ իրավունքից օգտվեն՝ անկախ ուսումնառության երկրից՝ իրենց ընտրությամբ և ցանկությամբ:
Նմանատիպ նյութեր
3241 դիտում
17:48 03-07-2014
Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքները
2010 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Այս բաժնից
1003 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
967 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1099 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն