211652_close_icon
views-count4306 դիտում article-date 18:51 25-08-2016

Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա

Օգոստոսի 25-ից Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը: Դեռ խորհրդային տարիներին Գոռավան համայնքի վերնամասում գտնվող տնամերձ հողերի ոռոգման նպատակով կառուցվել էր ոռոգման ներտնտեսային ցանց, որի շահագործումը, սակայն, բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել: Ջրագծի մի մասը կառուցված էր 600 մմ-անոց կիսախողովակներով, մյուս մասը՝ 400 մմ-անոց: Բացի այդ առկա էին կառուցապատման լուրջ խախտումներ, ինչպիսին, օրինակ, տեղանքի համար անհամապատասխան թեքությունը և այլն: Արդյունքում՝ ջրատարի գործարկման հետևանքով ոռոգման ջուրն ուղղակի լցվում էր հարակից տները: Գոռավան համայնքի շուրջ 2900 բնակիչներ խնդիրը բարձրաձայնել էին՝ դիմելով «Վեդի» ՋՕ: Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմ-անոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմ-անոց խողովակաշարով: ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.-ի փոխարեն 600 մմ-անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով: Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա:

Նմանատիպ նյութեր