4256 դիտում
09:46 02-09-2016
Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք. նախագահ Սերժ Սարգսյան
ԼՂՀ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:
Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:
Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների:
Անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ:
Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դու՛ք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք:
Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:
Կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Նմանատիպ նյութեր
3960 դիտում
19:55 24-01-2014
Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»