6636 դիտում
14:42 02-09-2016
Միհրան Հարությունյան. Ես վայելում եմ ամենաթանկը` ժողովրդիս սերն ու աջակցությունը
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե:
Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին իրական չեմպիոնը լինելուց: ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:
[b]-Եվրոպայի առաջնության ժամանակ` քո մրցելույթից հետո, շատերը կամա, թե ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:
[/b]
-Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:
[b]-Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել` մեկ ձեռքով: Չէ ՞ ր մտահոգում այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող էր քեզ կանգնեցնել:
[/b]
-Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Ես չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն է պահանջում ինձնից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն սեղմելով բռունցքներս և ատամներս` ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:
[b]-Մարդիկ, ովքեր միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է` դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո ՞ վ էր այդ Միհրան Հարությունյանը:
[/b]
-4, 5, 8 տարի առաջ` մինչև Ռիոն, ես ասում էի, որ Խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանական տեսանկյունից նախապատրաստեցի: Ես կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության:
Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո:
Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:
[b]-Կիսաեզրափակչից հետո, երբ դու առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր` պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց այդ պահի ՞ ն առաջացավ:
[/b]
-Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ:
Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտարակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին:
Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես` որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը:
Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:
[b]-Միհրան, արդեն մի քանի անգամ է` դառնում ես մրցավարության կողմանակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ` ի ՞ նչ է սա և ե ՞ րբ այս ամենը կդադարի:
[/b]
-Երևի դա նրանից է, որ ես ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել համապատասխան մարդկանց ասելու, որ ես գնում եմ, բավական է, վերջ: Եկել և ներկայացրել եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալությունները ինձ վրա` որպես մարզիկի չեն ազդել:
Սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումները ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից: Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ Խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները` միանգամից (խմբ. Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի):
Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն` ես ձեռնունայն մնացի, որպես մարդ` ես հարստացա: Ես երջանիկ եմ:
Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնվում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:
[b]-Ե ՞ րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո, թե ՞...
[/b]
-Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավականին հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ` գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է` չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:
[b]-Ի ՞ նչ եղավ սուլիչից հետո` հանդերձարանում:
[/b]
-Ողբերգություն...(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ զսպել առավել ևս ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:
[b]-Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ` Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի ՞ նչ խոսքեր էին դրանք:
[/b]
-Նկատվե՞լ է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. "Աստված իմ, ինչու այսպես...": Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու` ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի` իմ միջոցով նա արեց:
[b]-Մրցանակաբաշխությունից հետո թվում էր` արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի ՞ նչը հետ պահեց քեզ:
[/b]
-Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ` անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա "համտեսում" իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում:
Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ, և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես` հանդիսատեսին, սակայն ես դա չարեցի: Լուռ հեռացա, միգուցե, կրկին վերադառնալու...
[b]-Այսպիսի ընդունելություն ակնկալո ՞ ւմ էիր:
[/b]
-Ջերմ ընդունելություն սպասում էի, բայց այսպիսի` ոչ:
[b]-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը քեզ ոսկե մեդալ շնորհեց, լուսանկարդ փակցված է օլիմպիական չեմպիոնների կողքին: Սփոփանք կա ՞:
[/b]
-Ամենուր տեսնում եմ լուսանկարներ, հագուստներ, հոլովակներ, որտեղ գրված է. "Օլիմպիական խաղերի չեմպիոն` Միհրան Հարությունյան": Ամեն տեղ ասվում է` օլիմպիական խաղերի չեմպիոն: Խոսք չկա անգամ փոխչեմպիոնի մասին:
Այդ ամենը ոգևորում է, սիրտդ արագ է խփում, փշաքաղվում ես, աչքերդ փայլում են, բայց ոչինչ չի փոխում պաշտոնական փաստը: Իմ ադրբեջանցի ընկերը գրել էր ինձ, որ եթե ես պաշտոնապես ունենայի այդ ոսկե մեդալը, չէի ունենա իմ ժողովրդի սերը: Նա ինձ ասաց. "Ես հպարտ եմ և ուրախ եմ քո համար: Այո, դու Օլիմպիական խաղերի չեմպիոն չդարձար, բայց դարձար ժողովրդական չեմպիոն, իսկ դա ավելի կարևոր է":
[b]-Օդանավակայանում անընդհատ ինչ-որ բան էիր բղավում:
[/b]
-Հարցնում էի` ուր է Մոնիկան` աղջիկս: Ես չհասցրեցի ոչ մեկին տեսնել: Այնպիսի ալիք էր...Աննկարագրելի էր:
[b]-Ինչպիսի ՞ նն է Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ից հետո:
[/b]
-Ոչինչ չի փոխվել` հասարակ, համեստ, հրաշալի:
[b]-Ի ՞ նչ է հիմա լինելու:
[/b]
-Սկսվելու է նոր դարաշրջան` իմ դարաշրջանը թե' կյանքում, թե' սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ` ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ` ավելի շատ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2800 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2323 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2620 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ