211652_close_icon
views-count2659 դիտում article-date 16:59 05-09-2016

Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն. Է. Շարմազանովի ելույթը՝ Արգենտինայում

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 4-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, թեմական խորհրդի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջնորդարանում ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ եւ հպարտ գտնվելու համար Արգենտինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում եւ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորման հիմքում նախ եւ առաջ դուք եք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ եւ այստեղ ձեւավորել մի փոքր Հայաստան: Դուք հայտնվել եք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, քանի որ մեկ դար առաջ Թուրքիայի հանցագործ իշխանությունները որոշեցին աշխարհում մեկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում՝ իրագործելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն, հայերիս՝ ազատ եւ անկախ հայրենիքում ապրելու ցանկությունն այնքան հզոր գտնվեց, որ անգամ Ցեղասպանությունը չկարողացավ չեզոքացնել անկախության ձգտումը: Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերում հայերը պարտության մատնեցին թուրքերին՝ հող նախապատրաստելով հայկական պետականության վերականգնման եւ մեր ժողովրդի ազգային վերածննդի համար: Հարգելի՛ հայրենակիցներ, մարդկության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Պատահական չէր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հունիսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարեց. «Ես որեւէ այլ բառ չգիտեի, քան Ցեղասպանությունը»: Իսկ մինչ այդ՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»: Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ եւ անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ու ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ազատ եւ անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա: Պիտի ապրի Արցախն ազատ, պիտի ապրի, քանի որ այդպես է ուզում հայությունը: Շնորհակալություն ուշադրության համար»: [img]/ups/images/0540673001473068248876563.jpg[/img]

Նմանատիպ նյութեր