211652_close_icon
views-count3158 դիտում article-date 17:05 06-09-2016

Արթուր Ալեքսանյան. Հպարտանում և ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ մոտենում և շնորհավորում են

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի և մարզչական շտաբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Խաղերում գրանցած արդյունքները: [b]Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյան. [/b]Մեր անցած ուղին բոլորդ գիտեք: Միշտ վերադարձել ենք տարբեր քանակի և գույնի մեդալներով և դա վկայում էր, որ Խաղերին մոտենում ենք պատշաճ կերպով: Սպասում էինք ոսկե մեդալների: Ստացվեց մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ, սակայն գիտենք, որ Արսեն Ջուլֆալակյանն էլ պետք է պայքարեր մեդալի և ոսկու համար: Սայթաքում եղավ, որը բոլորիս համար շատ անհասկանալի էր: Արսենի ընկերները կարողացան ուրախացնել մեր ժողովրդին: Երկար դադարից հետո, մենք չեմպիոն ունենք: Փառք ու պատիվ Արթուրին: Նույնը կարող եմ ասել նաև Միհրանի մասին, փաստն այն է, որ նա արծաթե մեդալակիր է, սակայն ամբողջ աշխարհը գիտի և տեսավ, որ այդ գոտեմարտը անարդար էր, մենք պետք է ունենայինք 2 ոսկե մեդալ: Մաքսիմ Մանուկյանը մինչ Օլիմպիական խաղերը թեթև վնասվածք ուներ բուժումներ անցավ, սակայն դա չօգնեց: Նա վստահեցրեց, որ դա իրեն չի խանգարի, սակայն հենց առաջին գոտեմարտից զգացվեց, որ նա իր հնարավորությունները լիարժեք չօգտագործեց: Եթե 75 կգ էլ կարողանայինք արդյունք ցույց տալ, կստացվեր որ 100 տոկոսով կատարել ենք մեր աշխատանքը: Թիմային հաշվարկում մենք 3-րդ տեղում ենք Կուբայից և Ռուսաստանից հետո: Մեր այս ձեռքբերումներում մեծ ավանդն ունեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ըմբշամարտի ֆեդերացիան: [b] Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյան[/b]. Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր ազգին շնորհակալություն հայտնել նման ջերմ ընդունելության և մեր ուրախությունը կիսելու համար: Երկար տարիներ պատրաստվել էինք և ձգտում էինք հասնել այդ բարձունքին: 2012 թվականին Արթուրը դեռ երիտասարդ էր և բրոնզե մեդալով վերադարձավ: Այս 4 տարիների ընթացքում տիտանական աշխատանք կատարվեց, թե իր, թե մարզիչների կողմից և հասանք բաղձալի արդյունքին: [b]Հայաստանի հավաքականի մարզիչ, Միհրան Հարությունյանի համար պատասխանատու մարզիչ Սամվել Գևորգյան.[/b] Միհրան Հարությունյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում է: Նա կունենար ևս երկու մեդալ Բաքվում և աշխարհի առաջնությունում, սակայն մրցավարական կոպիտ խախտումների պատճառով՝ զրկվեց: Օլիմպիական խաղերին նա պատրաստ էր իր ամենաբարձր որակներով: Բոլորդ տեսաք, թե ինչ անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը: Նա ոչ մի բացթողում չի արել, անգամ տեղ չի թողել, որ մենք նկատողություն անեինք: Մենք խորհրդակցել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և փորձելու ենք մեր մեդալը ետ բերել: Պայքարելու ենք, որ հետո չզղջանք, որ ոչինչ չենք արել: [b]Միհրան Հարությունյան.[/b] Ես միայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչներին, ազգին և ղեկավարներին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Արթուր Ալեքսանյանին այս փայլուն հաղթանակի համար: Մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել: Իսկ ինչ կապված է դատարան դիմելուն և մեդալը հետ ստանալու, ես չեմ կարծում, որ մեդալը հետ կտան, սակայն սա դաս կլինի հետագայի համար: Արթուր Ալեքսանյան. Ես հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնն եմ: Հպարտանում և ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ մոտենում և շնորհավորում են, դա է իրական հաղթանակը: Ինձ համար դրանից ավելի մեծ հաղթանակ գոյություն չունի: Ես նշել եմ, որ իմ գլխավոր երազանքը Ռիոյի Օլիմպիական խաղերը չեմպիոնությամբ ավարտելն է, սակայն չեմ բավարարվելու այս արդյունքներով՝ շարունակելու եմ առաջ շարժվել և ձգտելու եմ դառնալ նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր