1847 դիտում
16:12 15-09-2016
Հրազդանում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում "Անուշավան Աբրահամյան" կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են "Արմաթ" ինժեներական լաբորատորիաներ: Սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հերթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում: Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին կարող են հաճախել ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողները, այլ նաև հարակից բնակավայրերի աշակերտները:
Բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:
Շնորհավորելով լաբորատորիայի բացման կապակցությամբ` Ա. Աղբալյանը ԿԳՆ անունից շնորհակալություն է հայտնել "Անուշավան Աբրահամյան" կրթական հիմնադրամին համագործակցության համար` շեշտելով, որ սկսած 2006 թվականից՝ բարերարը նախարարության հետ համատեղ ՄԿՈՒ ոլորտում իրականացնում է համատեղ ծրագրեր մարզային ուսումնական հաստատություններում. "Մենք լիահույս ենք, որ այս լաբորատորիան տվյալ տարածաշրջանի աշակերտների համար դառնալու է յուրօրինակ "Թումո" կենտրոն: Սա առաջին քայլն է` ուսումնարանում նոր մասնագիտություն բացելու ուղղությամբ: Այս լաբորատորիայում մենք ուզում ենք տեսնել նոր մոտոցումներ և նորարարական նախագծեր",- նշել է նա:
Բարերար Ա. Աբրահամյանը շեշտել է, որ ուրախ է մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը. "Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից: Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական",- նշել է Ա. Աբրահամյանը:
Բացմանը ներկա ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի ընգծմամբ՝ ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը ինժեներական կրթության զարգացումն է, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն. "Այս լաբորատորիան աշակերտներին հնարավորություն կտա ծանոթանալ ծրագրավորմանը, հետագայում նաև ռոբոտաշինությանը և եռաչափ մոդելավորմանը: Ինժեներական մտքի զարգացմնան կարևորությունը մեզ համար առանձնակի ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և մենք, այս կարգի լաբորատորիաների բացմամբ, փորձում ենք լրացնել այն բացը, որն ունենք այս ասպարեզում",- իր խոսքում նշել է Կարեն Վարդանյանը:
Ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Սարիբեկյանն իր խոսքում նշել է, որ ինժեներական լաբորատորիայի բացումը նոր էջ է ուսումնարանի տարեգրության մեջ. "Ուսումնարանում գործող մասնագիտություններից երկուսը ինժեներական ուղղավածություն ունեն, և ես կարծում եմ, որ լաբորատորիան նոր որակ կապահովի ուսումնական գործընթացում, ինչպես նաև հիմք կհանդիսանա համակարգչային ուղղվածության մասնագիտություն ներդնելու ու զարգացնելու համար",- նշել է Ա. Սարիբեկյանը` հավելելով, որ գալիք տարվանից ուսումնարանում կգործի նաև "Համակարգիչների շահագործում" մասնագիտությունը:
"Արմաթ" ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ կսովորեն ծրագրավորման տարրական հմտություններ, կստեղծեն ռոբոտներ, կմասնակցեն մի շարք խրախուսական մրցույթների:
"Անուշավան Աբրահամյան" կրթական հիմնադրամի օժանդակությամբ՝ "Արմաթ" ինժեներական լաբորատորիա է գործում նաև Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում, Վարդենիսի "Բադեյան" պետական քոլեջում, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական և Արարատի պետական քոլեջներում:
ՀՀ հանրակրթական համակարգում "Արմաթ" ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»