211652_close_icon
views-count1605 դիտում article-date 15:25 19-09-2016

Պետք է կանխել և դատապարտել ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը. Է. Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ ՄԽՎ-ի` երկխոսության խորհրդարանական հարթակ լինելու փաստը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր գործունեության 25 տարիների ընթացքում վերահաստատել է իր առանցքային եւ անփոխարինելի դերը միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության ծավալման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ տարածքում երկխոսության եւ խաղաղության հաստատումը` մասնավորապես նշելով. «Մենք պետք է կանխենք եւ դատապարտենք ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը եւ հանդես գանք հասցեական գնահատականներով: Հարկավոր է ընդլայնել կառուցողական երկխոսությունը, այլ ոչ թե փորձել ապակայունացնել տարածաշրջանը»: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն իր հերթին կարեւորել է հայ խորհրդարանականների դերն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի գործունեությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումներին հայկական պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր