211652_close_icon
views-count5812 դիտում article-date 17:17 22-09-2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ նախարարներին և նշել, որ նրանք համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ: «Շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնել եք համատեղ աշխատել և ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այժմ քննարկման փուլում է և հետագայում կկիրառվի նախարարությունների, գերատեսչությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգ, որի գլխավոր հայտանիշը կլինի ներդրումների ներգրավումը: Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները: «Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր