211652_close_icon
views-count1354 դիտում article-date 19:36 22-09-2016

Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար

Գործադիրի որոշմամբ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Հիմնավորման համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում: Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը: Գործադիրն ընդունել է նաև «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշում: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի բուհի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:

Նմանատիպ նյութեր