211652_close_icon
views-count3633 դիտում article-date 15:28 28-09-2016

Բարոնուհի Քերոլայն Քոքսը հյուրընկալվել է ԼՂՀ ԱԺ-ում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բարոնուհի Քոքսի 85-րդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Արցախի անկախ պետականության 25 ամյակի օրերին: «Արցախը ճանաչելի է դառնում նաև Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այդ հանգամանքը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ապակողմնորոշել միջազգային կառույցներին՝ սուտ և սխալ տեղեկատվություն տարածելով մեր երկրի մասին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարոնուհին նշել է, որ ամեն անգամ այցելելով Արցախ՝ նկատում է առաջընթաց և ենթակառուցվածքների զարգացում, ինչն իրեն ոգեշնչում և ոգևորում է: «Ես ուրախ եմ աշխատել Ձեր և հայկական Սփյուռքի հետ: Պատրաստ եմ շարունակել իմ մասնագիտական և հումանիտար օժանդակությունն Արցախի ժողովրդին և յուրաքանչյուր այցի ընթացքում նոր մարդկանց ծանոթացնել Արցախի իրական պատմությանը»,- նշել է Քերոլայն Քոքսը: Կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտում գործող վերականգնողական կենտրոնի գործունեությանը, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո փաստերի հավաքագրմանը և մարդասիրական բնույթի այլ թեմաներ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր