211652_close_icon
views-count7180 դիտում article-date 23:39 21-10-2016

Մենք պետք է գնանք խելացի սպառազինման ճանապարհով. Վիգեն Սարգսյան

Մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի դիվերսիոն փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին։ [color=#EF2929] «Արմենիա» հեռուստաընկերության[/color] ուղիղ եթերում, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից դիվերսիոն փորձերին, նման տեսակետ հայտնեց ԼՂՀ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամադրությանն արձագանքելու տեսանկյունից: Նա մեջբերեց նաև Իսրայելի վարչապետներից մեկի խոսքը. «Նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց զավակներին սկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեր զավակներին»: Վիգեն Սարգսյանը կարևորեց այն, որ զինվորները ունեն բարձր մարտական պատրաստվածություն, հանգիստ կարողանում են իրենց խնդիրը լուծել, հարկ եղած դեպքում էլ` պատժել: Նախարարի գնահատմամբ`ՀՀ զինված ուժերը և ՊՆ-ն ամենաուժեղ ու կայացած պետական կառույցներ են: Նախարարը նաև երեք կարևոր խնդիր առանձնացրեց ` խելացի սպառազինումը, կոռուպցիոն դրսևորումների վերացումը և հասարակության մեջ սպայի կերպարի արժևորումը: «Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել և պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում և ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով, առավելագույն արդյունք տա»,- ասաց նա։ Նախարարի խոսքով` մենք պետք է ամեն ինչի դիմաց նույն տիպի զինատեսակ ունենալու գայթակղությունը վերանայենք և գնանք խելացի սպառազինման ճանապարհով:

Նմանատիպ նյութեր