211652_close_icon
views-count3449 դիտում article-date 15:59 26-10-2016

Երևանի քաղաքապետարանում բացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների նախագծերը, գծանկարներն ու գեղանկարները։ Շնորհավորելով բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ` Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ուսումնական, գիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այն դարբնոցն է, որն ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Երևան քաղաքի համար շինարարներ և ճարտարապետներ է պատրաստում, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման բնագավառում: Առիթն օգտագործելով` մեր շնորհակալությունն ենք հայտնում համալսարանի հիմնադիրներին, դասախոսական կազմին, ովքեր այս տարիների ընթացքում արժանի կադրեր են կրթել և դաստիարակել: Երևանի քաղաքապետարանի հարկի ներքո ցուցահանդեսի և համաժողովի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքապետարանի և բուհի միջև առկա է իսկապես ակտիվ ու հաջողված համագործակցություն: Եվ վստահեցնում եմ, որ այդ համագործակցությունը լինելու է շարունակական և մենք ընդլայնելու ենք գործակցության շրջանակները», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին: ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ առանձնակի կարևորելով ցուցահանդեսի կազմակերպումը քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանին՝ բուհի տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար: «Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 95-ամյա մեր համալսարանը հզոր քայլերով է շարժվում առաջ, ինչում անշուշտ մեծ է Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությունն ու հետևողականությունը: Շնորհակալ ենք նաև նախագծային և շինարարական մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց անձնական ներդրումն ունեն կրթական միջավայրի զարգացման գործում: Այսօր համալսարանի ողջ կոլեկտիվի ու ուսանողների վրա դրված է իսկապես մեծ պատասխանատվություն՝ շարունակելու ձեռքբերումներով հարուստ պատմական այն ուղին, որ սկսել են մեր ավագները», - նշել է Գագիկ Գալստյանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի առթիվ, ճարտարապետության, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդգես Եդոյանը, շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Հովսեփ Հովեյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է և ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին: Հարկ է նշել, որ «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովի բացման արարողությունը ևս կատարվել է Երևանի քաղաքապետարանում: Երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են այցելել պատվիրակություններ ՌԴ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից։ [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր