8538 դիտում
22:20 29-10-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում
Կոլեգիայի հարգարժան անդամներ, պարոնայք գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ,
Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է:
Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, այլև կարողացել ենք պաշտպանել այն դաժան և անհավասար, բայց դրանից միայն ավելի հերոսական պատերազմում: Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի զրկանքների, սոցիալական հարաբերությունների պատռտված պաստառից սկսեց վերծնվել «Հայաստան» կոթողային կտավը:
25 տարի առաջ պատմությունը մեզ մատուցեց մի անակնկալ, որին երկար էինք սպասում, երկար էինք պատրաստվում, երազում, բայց ինքներս էլ չէինք գուշակում, որ դա այդքան արագ տեղի կունենա: Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգևորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: Մեր աչքի առջև, ավելի ճիշտ` հենց մեր շուրջ փլվում էր գերտերությունը` իր հետ տանելով մեր թվացյալ բարեկեցությունն ու հանդարտությունը, կանխատեսելիությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը:
Կայծակնային արագությամբ կյանքը սովորեցրեց մեզ անհնարին թվացող բաների` խրամատներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել, զենք հայթայթել, ընկերներ հուղարկավորել, կտրոնով հացի հերթ կանգնել, բազմաբնակարան շենքերում փայտե վառարարաններ վառել: Թվում էր, թե ողջ աշխարհն է փուլ եկել, և կյանքն այլևս երբեք չի լինի նույնը:
Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք և հպարտություն բերած բանակ է: Այն ազգային բանակ է, քանի որ միշտ ծառայել է իր ազգին և ազգային գաղափարներին:
Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: Հաշվի առնելով, որ տարածքով, բնակչությամբ և երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից: Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից: Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչև ալեհեր տարեց` համազգեստավոր է: Չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի:
Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանակում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը:
Ազգ-բանակը դա այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ:
Դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որ փոխանցում է իր ժողովրդին,
Ազգ բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որոնց միջև շարժն աննկատ է: Ուր նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր` մեկ քայլ է: Ուր տնտեսությունը աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում է այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ:
Ազգ բանակը դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը:
Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Բայց նաև այն սպան է, ով բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է:
Ազգ բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմիանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ:
Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վերացման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է,
Ազգ բանակը դա այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները,
Ազգ բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան:
Մենք դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտություն: Իսկ դա նշանակում է, որ անհամաչափ մեծ թվով մեր քաղաքացիներ զորացրվելու են և անցնելու են զինվորական թոշակի: Որպեսզի այդ զինվորական թոշակառուները երբեև չհամարվեն բեռ, մենք պետք է այնպես անենք, որ ծառայության ողջ ընթացքում հայոց բանակի սպան կարողանա կատարելագործել իր գիտելիքներն ու հմտությունները` պատրաստելով իրեն զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելուն և իր հետ տնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, կրթություն բերելով բանակային կարգապահության, հայրենասիրության, արհեստավարժության, բարեկրթության ավանդույթները` դրանով իսկ ամրապնդելով մեր պետության անառիկությունը:
Ազգ-բանակը դա նաև այն հասարակությունն է, որը մշտապես կանգնած է իր զինվորական հաշմանդամի, իսկ եթե տեղի է ունեցել անուղղելին` նաև զոհվածի ընտանիքի կողքին:
Ազգ բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապրհում է իր որդուն բանակ:
Բայց դա նաև այն բանակն է, որ ամուր է պահում զինվորի, հատկապես` ժամկետային զինվորի կապն իր ընտանիքի հետ և չի դառնում զավակին ընտանիքից մեկուսացնող պատժիչ հաստատություն:
Ազգ բանակը այն ռազմական ուսումնական հաստատություններն են, որոնց շրջանավարտ լինելը պատվաբեր է և հարգի, քանի որ նրանց տված ուսումը պահանջված է և աշխատանք երաշխավորող, դասախոսները բանիմաց են և հմուտ, կուրսանտները երջանիկ են և պրպտուն, միջավայրն էլ ընկերական է և տրամադրող,
Դա նաև այն սպան է, որի զավակը առանց երկմտելու պատասխանում է, որ իր հայրիկի կամ մայրիկի նման երազում է ևս սպա դառնալ,
Ազգ բանակը այն գործարարն է, որը բանակին ծառայություն մատուցելը համարում է պատիվ և պատասխանատվություն: Որը հացը իր պարտավորվածից մի քանի գրամ էլ ավել է թխում, որ զինվորը կուշտ լինի, իսկ իր արտադրանքի մեջ օգտագործում է այնպիսի սննդամթերք, որ զինվորն առողջ լինի և հպարտությամբ կարողանա իր զավակներին համտեսելու տա` բացատրելով, որ համեղ է ու օգտակար, որովհետև այն բանակի համար է:
Բայց դա նաև այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքին երջանկացնելու կեղծ և անիրականանալի երազանքով:
Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխարհի բոլոր հնարավոր և անհնար հիվանդությունները, որից չեն ծլկում` պետության հաշվին ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար կրթություն ստանալուց հետո` հատուկ կտրվելով ինտերնատուրայի քննություններից,
Ազգ բանակը այն հրամանատարն է, որը չի վախենում, որ իր զինվորը լինի ուժեղ, ինքնավստահ և հանդուգն: Դա այն հրամանատարն է, որ տարբերություն չի դնում իր զավակի և իր զինվորի միջև, որը չի փորձում ինքնահաստատվել իրենից կախման մեջ գտնվող շարքայինի հաշվին:
Ազգ-բանակը դա այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում և իրենց փորձն են փոխանցում տարիքով և կոչումով ավագ գործընկերները:
Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բաոյականության և սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության,
Ազգ բանակը այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրավորի փրկության համար, դա այն ռեժիսյորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է, այն երգահանն է, որի «Պատիվ ունեմ» երգը հուզում է յուրաքանչյուրին` անկախ իր մասնագիտությունից, դա այն մարզիկն է, որ օլիմպիական խաղերում հաղթելով պարգևատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը, դա այն մանուկն է, որը զինվորի համար ծանրոց է ուղարկում զորամաս` իր կուտակած դրամների հաշվին:
Ազգ բանակը դա այն բանակն է, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, և որը շիտակ ու վստահ է խոսում իր մեծ և փոքր գործընկերների հետ:
Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, անվերապահ նվիրում, բարձր ինքնագիտակցություն, զոհողություն: Ուրեմն ո՞վ, եթե ոչ զինվորականները կարող են և պետք է անեն առաջին քայլն այս ուղղությամբ:
Ամենամեծ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ կիրականացնենք այդ գաղափարը:
Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: Ամենագլխավորը, ունենք ազգ-բանակ տիրույթում բանակի դիրքերը հուսալի պահելու և այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկելու հարցում պետության ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի վստահությունն ու ակնկալիքը:
Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
18:56 25-04-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
1200 դիտում
17:53 31-05-2014
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
1668 դիտում
10:28 26-07-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը. ֆոտոշարք
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված