211652_close_icon
views-count1878 դիտում article-date 17:39 01-11-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Վահանյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները: «ՀՀ վարչապետի հանձնարարականով նախատեսվում է օպտիմալացնել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնին և Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տրամադրվող բյուջետային ծախսերը, և մեր այսօրվա խորհրդակցությունը կազմակերպվել է այս խնդրի քննարկման, կենտրոնների գործունեության բարելավման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ընդլայնման շուրջ ձեր առաջարկություններին ծանոթանալու նպատակով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Իր խոսքում նախարարը կարևորել է մարզային կենտրոնների գործառույթների ընդլայնման, ինչպես նաև տեղեկատվական կոնսոլիդացված համակարգի ստեղծման խնդիրը: Այնուհետև հանդիպման մասնակիցները հանդես են եկել կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ տարբեր առաջարկներով` ընդգծելով, մասնավորապես, մարզային կենտրոնները երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնների ընթացիկ աշխատանքների բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին: Հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը հանձնարարել է կենտրոնների ղեկավարներին կազմել և մեկշաբաթյա ժամկետում իրեն ներկայացնել առաջարկներ մարզային կենտրոնների զարգացման, խորհրդատվական մակարդակի բարձրացման և աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր