2789 դիտում
15:57 01-11-2016
Հայաստանն ու Ինդոնեզիան վերացրել են վիզայի պահանջը որոշ տեսակի անձնագրեր կրողների համար
Նոյեմբերի 1-ին Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա:
Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների խրախուսումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր այցը Ջակարտա միտված է էլ ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ իր նախորդ այցելությունից ի վեր առաջընթաց է գրանցվել երկկողմ հարաբերություններում. կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, Ջակարտայում հիմնվել և ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ դեսպանությունը, անցյալ տարի Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր, համագործակցություն է մեկնարկել երկու երկրների կրթական հաստատությունների միջև։
Նախարարները շեշտեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը՝ այդ համատեքստում արժևորելով այս այցի շրջանակներում ստորագրվելիք ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագիրը։ Նախարարները գոհունակություն հայտնեցին նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների կրթական հաստատությունների՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկեցին տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Հարավ-Արևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրեց այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռետնո Մարսուդին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։
Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրեցին մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։
Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
18:24 22-09-2022
Հայաստանն ու Ինդոնեզիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
1313 դիտում
12:14 09-11-2022
Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան