211652_close_icon
views-count4324 դիտում article-date 18:33 03-11-2016

Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել` կաշառքի միջնորդության պատրվակով խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանման 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետին՝ կաշառքի միջնորդության պատրվակով խոշոր չափերի գումար հափշտակելու համար։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ փոխգնդապետն իր ենթակայությամբ գործող գումարտակի վաշտի ավագ, ենթասպայից, ով չունի բարձրագույն կրթություն, հետևաբար չի կարող նշանակվել սպայական հաստիքի, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, սպայական կոչում շնորհելու և սպայական հաստիքի նշանակելու հարցը կարգավորելու համար այլ պաշտոնատար անձին գումար փոխանցելու նպատակով նրանից պահանջել և հափշտակել է խոշոր չափերի՝ 1.500 ԱՄՆ դոլար գումար։ Ստացված գումարը փոխգնդապետը տնօրինել է իր հայեցողությամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 178- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր