211652_close_icon
views-count2641 դիտում article-date 19:07 07-11-2016

ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվեցին Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին ՀՀ զեկույցները

Նոյեմբերի 4-ին Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն իր 65-րդ նստաշրջանում քննարկեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները։ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ կառավարության աշխատակազմի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչները, ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Զեկույցի դիտարկումն անցավ Կոմիտեի անդամների հետ բաց և կառուցողական երկխոսության մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Կոնվենցիայում ամրագրված իրավունքների իրականացման ընթացքը: Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, Հայաստանի քաղաքական կյանքում և պետական կառավարման ոլորտում կանանց մասնակցությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, զբաղվածության խնդրին, տնտեսության տարբեր ճյուղերում, առողջապահության, կրթության, դատաիրավական համակարգերում կանանց և տղամարդկանց հավասարության ապահովմանը։ Պատասխանելով Կոմիտեի անդամների հարցադրումներին՝ ՀՀ պատվիրակությունը տեղեկացրեց գենդերային հավասարության ոլորտում ձեռնարկված քայլերի, իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունների և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ` շեշտելով, որ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում սույն Կոմիտեի հանձնարարականները հիմք են հանդիսանում տվյալ բնագավառում քաղաքականության ձևավորման և հետագա քայլերի մշակման համար։ Կոմիտեի անդամներին ներկայացվեցին նաև ադրբեջանական տարբեր քաղաքներում կազմակերպված հակահայ ջարդերի արդյունքում Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացված քայլերն ու Սիրիայից Հայաստան եկած փախստականների խնդիրները:

Նմանատիպ նյութեր