Հոգեկան խնդիր ունեցողների մեծ մասը լիարժեք ապրելու հնարավորություն չունեն. Լարիսա Մինասյան
Խոցելի խմբերի հետ աշխատանքում կան համակարգային խնդիրներ, որոնց վերհանումը, լուծումների եղանակներն արդեն երկար ժամանակ է հետազոտվում են:
Այս մասին այսօր առողջապահական իրավունքի «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Համաժողովի ընթացքում կքննարկվեն խնդիրները, որոնք թանկ են մարդկանց կյանքի, արժանապատվության կամ մարդկանց առողջական իրավունքի համար: Դրանք թե՛ ամոքիչ բժշկության բնագավառում են, թե՛ քրեակատարողական հիմնարկներում են, թե՛ հոգեկան առողջության վերաբերյալ են»,- ասաց նա:
Անդրադառնալով հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիներին, Լարիսա Մինասյանն ասաց, որ հոգեկան առողջության խնդիրներով տառապողներից ընդամենը 30%-ը պետք է լիներ հոգեբուժարաններում, մնացածը, որոնք գտնվում են հոգեբուժարաններում, լիարժեք կյանքով ապրելու իրավունք ունեն, սակայն հնարավորություն չունեն: