211652_close_icon
views-count4736 դիտում article-date 22:51 07-11-2016

Սունդուկյանի անվան թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման

Ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Նշենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` ամբողջովին ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այսպիսով, ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, «Առլեկին», հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման և պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի ծրագրային և ցանցային համակարգերը: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը, տեղադրվել են նոր լուսատուներ: Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): Իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման, ինչպես նաև դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ: 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:

Նմանատիպ նյութեր