211652_close_icon
views-count2405 դիտում article-date 15:34 10-11-2016

Հ. Նաղդալյան . Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա

Նոյեմբերի 10-ին Երևանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության` որպես տնտեսական համագործակցության խոստումնալից ուղղության զարգացման խնդիրները: Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային Ժողովում` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման կապակցությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին, որոնք հիմնված են բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա և այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա: Հերմինե Նաղդալյանի խոսքով ռազմավարական այդ համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու համատեքստում։ Երկկողմ հարաբերությունների ամենակարևոր տարրերից մեկը ՀՀ ԱԺ փոխնախագահը համարել է տարեցտարի ակտիվացող հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը, որի վկայությունն են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անցյալ տարվա պաշտոնական այցելությունը, Պետական Դումայի նախագահի աշխատանքային այցերը, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերը և իհարկե` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Անդրադառնալով նիստի օրակարգային թեմաներին` հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության զարգացման խնդիրներին, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցությունից բացի, հայ և ռուս ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային և հումանիտար ամուր կապերը։ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` պարբերաբար բացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, անց են կացվում համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են ստեղծագործ մտավորականության հանիդպումներ։ Բավական ակտիվ է համագործակցությունը կրթության բնագավառում, որի հրաշալի օրինակներ են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բազմամյա գործունեությունը, ինչպես նաև, անցյալ տարի Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի բաժանմունքի բացումը Հայաստանում։ ,Զբոսաշրջության ոլորտը մեր տնտեսության առաջնային ուղղություններից է։ Հայաստանի կառավարության նոր կազմը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե։ Զբոսաշրջության ասպարեզը լուրջ ներուժ ունի Հայաստանում,, ,-իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` կարևորելով մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացումը, միջտարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային փոխանակումների ավելացումը։ Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ առաջիկա բոլոր քննարկումները և կատարված առաջարկությունները իրական խթան կդառնան երկու երկրների առջև կանգնած խնդիրների լուծման գործում։

Նմանատիպ նյութեր