211652_close_icon
views-count5529 դիտում article-date 23:05 12-11-2016

Սանմաքրման լայնածավալ աշխատանքներ` համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում

Նոյեմբերի 12-ին Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտից: Աշխատանքային եռուզեռ էր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար նախապես տեղերում բաժանվել են համապատասխան գործիքներ՝ բահեր, փոցխեր, ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ և այլ պարագաներ: «Արևի քաղաք Երևանն» ավելի մաքուր տեսնելու նախաձեռնությունը համակել էր շատերին: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում իրականացվող շաբաթօրյակին միացել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվել և կոկիկ տեսք են ստացել: Երևանցիները միահամուռ կերպով նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցում շաբաթօրյակին`մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով: Նոյեմբերի 12-ի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 25 000 քաղաքացի: Աշխատանքներին ներգրավվել է 155 միավոր մեքենասարքավորում: Աղբավայրեր են տեղափոխվել ավելի քան 600 տոննա թափոն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր