211652_close_icon
views-count3822 դիտում article-date 16:18 14-11-2016

Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ը ողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն խորհուրդ ունի բարձրացնելու ազգաբնակչության իրազեկվածության մակարդակը շաքարային դիաբետի, դրա տարածվածության ընդլայման, հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշների մասին: Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը նշվում է 1991 թվականից` Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ: Ի դեպ, նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային դիաբետով տառապող երեխայի կյանքը, և 1923թ. այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի: Ներկայումս, շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդության (ՈՎՀ) գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածության աշխարհագրական ընդլայնումը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ տառապում է շաքարային դիաբետով: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Հայաստանում ՈՎՀ-ի հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություներին և չարորակ նորագոյացություններին՝ գրավելով երրորդ տեղը: Ըստ առողջապահության տեղեկվատական- վերլուծական կենտրոնի տվյալների` վերջին 10 տարվա ընթացքում մեր երկրում 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում շաքարային դիաբետի տարածվածությունը և հիվանդացությունը աճել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշն աճել է 3 անգամ: 2015թ. ՀՀ ազգաբնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 8750, իսկ դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ 77.307 (2014թ. 72.203 հիվանդ): ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով ԱՀԿ և գործընկեր միջազգային այլ կազմակերպությունների որդեգրած քաղաքականությանը, շաքարային դիադետի կանխարգելումը, վերահսկումը, շարունակական հսկողությունը և բուժումը համարում է ոլորտի գերակա խնդիրներից մեկը: Առաջնորդվելով ԱՀԿ-ի «կանխարգելում կյանքի բոլոր էտապներում» սկզբունքով` ներկայումս, առաջնային օղակում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների դեմ պայքարի մի շարք ծրագրեր: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում (ընդգրկված է 35-68 տարիքային խումբը) իրականացվում է զանգվածային սքրինինգ, որի վաղադրիչներից է նաև շաքարային դիաբետի հետազոտումը` ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը: 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը հետազոտվել է 303,274 քաղաքացի, որոնց 7.3%-ի մոտ հայտնաբերվել է արյան գլյուկոզի նորմից բարձր մակարդակ: Իսկ սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բուժզննության ծրագրի շրջանակներում 2016 թվականի ընթացքում իրականացվել է արյան գլյուկոզի շուրջ 56.544 հետազոտություն: ՀՀ առողջապահության նախարարությունն առանձնապես կարևորում է շաքարային դիաբետով հիվանդների դեղերով ապահովումը: Պետությունը 100 տոկոս ապահովում է առաջին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ հիվանդներին դեղերով: Երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների դեղերով ապահովվածության մակարդակը կազմում է 80 տոկոս: 0-22 տարեկան տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով 2015թ. մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում նրանց անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներակիչներ: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ հետևել առողջ ապրելակերպի սկզբունքին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ` անառողջ սննդակարգ (մրգերի և բանջարեղենի պակաս), հիպոդինամիա, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, և կենսաբանական գործոնների` ավելորդ քաշ և ճարպակալում, զարկերակային բարձր ճնշում, արյան գլյուկոզայի բարձր մակարդակ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք հիվանդության առաջին ախտանշանների արտահայտման դեպքում դիմել առաջնային օղակի բժշին և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր բարդությունները:

Նմանատիպ նյութեր