211652_close_icon
views-count2712 դիտում article-date 21:12 16-11-2016

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման մասին, նշել է, որ ժամանակին հենց ուսանողների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել կարծիք, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որը կարտահայտի ուսանողության շահերը։ «Յուրաքանչյուր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքում է, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր ուսանողությունը շատ բարձր որակական հատկանիշներ ունի: Սա այն ուժեղ և ինքնավստահ երիտասարդ սերունդն է, որը վստահաբար իր ձեռքն է վերցնելու երկրի կառավարման ղեկը՚ կառուցելով ավելի անկախ և ուժեղ երկիր: Այսօր Երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՚ վարձավճարներից առաջացած գումարներով նույն երիտասարդների սոցիալական կարիքներին տրմադրվող օգնությունը: Կատարված աշխատանքները բավականին շոշափելի են, սակայն, չի կարելի ասել, որ ուսանողների սոցիալական հարցերն ամբողջովին լուծված են»: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում բավականին շատ խնդիրներ են լուծվել ուսանողների և երիտասարդների համար։ «Եթե նախկինում ուսման վարձի փոխհատուցման մասին խոսելը երազանքների ոլորտից էր, ապա վերջին 5 տարիների ընթացքում միայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից փոխհատուցվել է ավելի քան 5000 ուսանողի ուսման վարձ։ Մեծաթիվ երիտասարդ մասնագետների ընտանիքներ կառավարության ծրագրերի շնորհիվ ապահովվել են բնակարանով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են երիտասարդ գիտնականներին ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Հատկացվում են ուսանողական վարկեր։ Շատ խնդիրներ, որ ժամանակին անլուծելի էին թվում, իրենց լուծումները գտել են»,- նշել է նա: Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։ Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր